ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Զինվորներն ու ուսանողները մրցեցին ինտելեկտուալ խաղում
13.05.2013
Այսօր Մանկավարժական համալսարանը հյուրընկալել էր Վազգեն Սարգսյանի անվան զորամասի սպայակազմին և զինվորներին: Ուսանողական խորհրդի և զորամասի համատեղկազմակերպած «Մեր հաղթանակները» խորագրով միջոցառման շրջանակում բուհի ուսանողներն ու զինծառայողները միմյանց հետ մրցեցին ինտելեկտուալ խաղում և շախմատի մրցաշարում:
Վան, Վաղարշապատ, Արմավիր, Երևան, Արարատ, Արտաշատ թիմերում ընդգրկված ապագա մանկավարժներն ու զինծառայողները տարաբնույթ հարցերի միջոցով ստուգեցին իրենց գիտելիքները, մարզեցին մտքի ճկունությունն ու տրամաբանությունը:
Երկու փուլով անցկացվող ինտելեկտուալ թեժ մրցույթում 6.5 միավորով 3-րդ տեղը զբաղեցրեց Վան թիմը, 2-րդը` 7.5 միավորով Վաղարշապատ թիմն էր.1-ին պատվավոր հորիզոնականը 8.5 միավորով զբաղեցրեց «Արմավիր»-ը:
Շարքային Վանատուր Շերենցը թեպետ հաղթող թիմի անդամ չէ, սակայն վստահ է` խաղում հաղթեց ընկերությունն ու համագործակցությունը: Մանկավարժականում կատարած շրջայցից տպավորված է. այն հեռացրեց ծառայողական միջավայրից` սկիզբ հանդիսանալով նոր շփումների և երազանքների: Զորացրվելուց հետո բուհում հայտնվելու, համագործակցությունը շարունակական դարձնելու ցանկությունը մեծ է:
Ինտելեկտուալ խաղին զուգահեռ ընթացող շախմատի առաջնությունը ևս անցավ հետաքրքիր և բուռն մրցապայքարում: 6 մրցաշարում անընդմեջ հաղթող ճանաչվեց Վազգեն Սարգսյանի անվան զորամասի զինծառայող, շարքային Հովհաննես Բալոյանը: Բազմաթիվ մրցաշարերի հաղթող, առաջին կարգի որակավորում ունեցող Հովհաննեսը հերթական հաղթանակը պայմանավորում է իր` մրցակցի ուժերը չթերագնահատելու հմտությամբ: Զինծառայողը վստահ է` ինչպես կյանքում, այնպես էլ շախմատում, պետք է գնահատել մրցակցի ունակություններն ու կարողությունները:
Վազգեն Սարգսյանի անվան զորամասի Անձնակազմի հետ տարվող աշխատանքերի գծով հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Արթուր Թումանյանն ուրախ է` Մանկավարժականի հետ հերթական համագործակցությունը պսակվեց հաջողությամբ: Փոխգնդապետի համար հատկապես բացահայտում էր զինծայառողներից շատերի ինտելեկտուալ բարձր մակարդակը.«Նմանատիպ խաղերը զորամասում հաճախ են կազմակերպվում, սակայն բուհում անցկացվող այս մրացաշարը տարբերվում էր: Բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը միտված միջոցառումը ազդակ է`զինվորները հասարակության մի մասնիկն են և չեն զիջում նաև իրենց մտավոր կարողություններով»:
Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի Գիտության և հետբուհական գծով դեկանի տեղակալ, զինվորական մանկավարժ Հակոբ Թադևոսյանը ևս փաստում է` Մանկավարժականի և Պաշտպանության նախարարության միջև համագործակցությունն արդեն ձևավորված ավանդույթ է, իսկ այսօրվա ձեռնարկը` դրա վառ ապացույցը: Ինտելեկտուալ խաղում ընդգրկված ժյուրիի անդամը վստահ է` նման այցելություներն ու միջոցառումները նպաստում են մասնակիցների մտավոր կարողությունների, մտածողության զարգացմանը, գիտելիքի նկատմամբ ձևավորում դրական վերաբերմունք, ինպես նաև մեծացնում հետաքրքրությունների շրջանակը: Զինվորական մանկավարժը կարծում է` այցը կնպաստի նաև զինվորների մասնագիտական կողմնորոշմանը:
Ի դեպ, Մանկավարժականի հյուրերը եղան նաև բուհի թանգարանում, ծանոթացան Համալսարանի հիմնադրման ու զարգացման պատմությանը, ներկայիս բարեփոխումներին: