ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Պարգևատրումներ Մեծ հայրենականի մասնակիցներին
14.05.2013
60 տարվա մանկավարժական փորձ ունեցող 94-ամյա Ցոլակ Սիմոնյանն իր կյանքի 40 տարին անցկացրել է Մանկավարժական համալսարանում: Մեծ հայրենականի օրերին մեկնել է ռազմաճակատ, 2 տարի անց վիրավորվել և վերադարձել հայրենիք: Վաստակավոր մանկավարժը թեպետ շրջանցում է պատերազմի թեման, սակայն վերստին կարևորում է հաղթանակն ու խաղաղության գինը:
Ցոլակ Սիմոնյանն ու նախկին աշխատակիցներ, հայրենական պատերազմի վետերաններ Ռոզա Փաշինյանը, Դավիթ Սարիբեկյանը, Լևոն Կոջոյանն ու Մովսես Ստեփանյանն այսօր կիկին Մանկավարժականում էին: Շնորհավորելով մայիսյան եռատոնի առթիվ` բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նրանց պարգևատրեց շնորհակալագրերով և հանձնեց դրամական պարգև`100 000-ական դրամ:
Ընդգծելով հայ ժողովրդի պատմության ամենաօրհասական պահերին վետերանների արի և հերոսական կեցվածքի կարևորությունը `ռեկտորը նշեց. «Ձեր անցած ուղին հայրենասիրության բաց դաս է, որն արթուն է պահում մեր` ապրողներիս հիշողությունը. հենց այդ դրսևորումների օրինակով է այսօր դաստիարակվում մեր ուսանողը`ապագա մանկավարժը, որի առաքելությունը վաղվա սերնդին դաստիարակելն է»:
Մատնանշելով վետերանների կրած բազում դժվարությունները, նրանց անցած ուղին` ռեկտորն իր և սերնդակիցների անունից երախտագիտություն հայտնեց նրանց` մաղթելով առողջություն, բարօրություն և հաղթանակած մարդուն արժանավայել կյանք: