Մայիսյան եռատոնի առթիվ այսօր Մանկավարժականում հյուրընկալվել էր գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, «Մարտական խաչ» շքանշանակիր Արկադի Տեր-
.jpg)
Թադևոսյանը(Կոմանդոս):
Բուհի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում ռազմական գործիչը որպես ականատես ներկայացրեց Շուշիի ազատագրման որոշ դրվագներ, ինչպես նաև խոսեց ազատամարտիկների մարտական պատրաստակամության և անմնացորդ նվիրումի մասին:
«Պատերազմն անմարդկային երևույթ է. ուրախանում էինք հաղթանակով, որը երբեմն ծանր հետևանքներ էր ունենում. աչքներիս առաջ պատկերացնում, շատ հաճախ նաև տեսնում էինք մեր մարտական ընկերների մահը»,-նշեց Կոմանդոսը և անկեղծացավ՝ մինչ օրս էլ ամեն անգամ եկեղեցի մտնելիս երկու մոմ է վառում. առաջինը մարտական ընկերների հոգու հանգստության, իսկ մյուսը՝ երկրի խաղաղության և բոլորի առողջության համար:
Գեներալն իրեն բնորոշ համեստությամբ նշեց, որ «Կոմանդոս» կոչվել է իր մարտական այն ընկերների շնորհիվ, որոնց հետ ծանոթ լինելը բարեբախտություն և հպարտություն կարելի է համարել:
Վերջինս հիշում է՝ մանուկ հասակում տատիկն իրեն թուրքերով էր վախեցնում, իսկ հիմա վստահ է՝ թշնամին իր զավակին հայերով է վախեցնում. արդեն ծանոթ է հայերի վրեժխնդրությանն ու անկոտրում ոգուն:

Խոսելով ռազմական պատրաստականության մասին՝ գեներալը նշեց. «Թշնամին միշտ էլ կարծել է, թե մենք մեծաթիվ ենք. չնայած քիչ լինելուն՝ յուրաքանչյուրս անմնացորդ նվիրումով մեր ռազմական վստահությունն ու գիտելիքներն էինք կիրառում հաղթանակի հասնելու համար: Չկա մի ժողովուրդ, որի հաղթանակում հայերը ներդրում չունենան. հաղթանակելը հայի գենի մեջ է և դուք այդ ժողովրդի զավակներն եք»:
Գեներալը կոչ արեց ուսանողներին՝ անպայման լինել Շուշիում, ծանոթանալ մարտական դիրքերին, զինծառայողների առօրյային. «Զրուցելով զինվորների հետ՝ դուք կհամոզվեք, որ մենք այսօր էլ ունենք անհրաժեշտ մարտական ոգի և վստահություն, պարզապես ոչ մի ազգ, այդ թվում նաև մենք, պատերազմ չի ուզում»:
Անդրադառնալով հայկական բանակի ներկայիս վիճակին՝ գեներալ-մայորը նշեց, որ ներկայումս էլ օտարերկրյա մասնագետները հայակական բանակը համարում են լավագույններից մեկը, պարզապես զինված ուժերի որոշ բացասական կողմեր խեղդում են տարեցտարի բարելավվող բանակի դրական հատկանիշները:
Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց Կոմանդոսին՝ Բուհում

հյուրընկալվելու և ազատագրական պայքարի ոգին ուսանողներին հաղորդելու համար:
Ռեկտորն ընդգծեց հատկապես այն, որ Արկադի Տեր-Թադևոսյանի գալով Շուշիում գործողությունները միանգամայն փոխվեցին հաղթանակներով. «Արցախյան հերոսամարտն արդեն պատմություն է. դուք եղել եք և կմնաք իսկական լեգենդ ողջ հայ ժողովրդի և առաջավոր մարդկության համար, քանի որ մեր պայքարն արդար էր»:
Դիմելով ուսանողներին՝ Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ շնորհակալ լինելուց առաջ նախ պետք է հիշել՝ ինչ գնով են հետ վերցվել պատմականորեն մեզ պատկանող հողերը. «Չզիջեք երբեք և ոչ մի թիզ այդ տարածքներից. դրանց նվաճումները ազգի լավագույն զավակների կյանքի գինն են արժեցել»:
Խորհրդային պետության բազմաթիվ բարձրագույն պարգևների արժանացած գեներալ-մայորին Մանկավարժականի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը պարգևատրեց համալսարանի հիմնադրման 90-ամյակը խորհրդանշող մեդալով՝ նշելով՝ «Հուշամեդալը ևս մեկ անգամ արժևորվեց. այն կրելու եք նաև Դուք»:
