ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականի ուսանողը՝ «Դյուցազնագրքի» հնգակի ռեկորդակիր
15.05.2013
Հայկական պետական մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Ռոման Սահրադյանն այսօր սահմանեց նոր ռեկորդ:
Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում ապագա իրավագետը 1 րոպեում կատարեց 50 ձգում դեպի վեր՝ գերազանցելով մինչ օրս Հայաստանում ռեկորդ համարվող 47 պտույտը:
Ռեկորդակիրն armspu.am-ի հետ զրույցում նշեց, որ վարժությանը նախապատրաստվել էր շուրջ մեկ տարի և նախատեսել էր առավել բարձր արդյունք. «Ձգում դեպի վեր վարժությունը կատարում եմ առաջին անգամ.աշխարհի ցուցանիշներին ամբողջությամբ դեռևս ծանոթ չեմ, սակայն կձգտեմ նոր ռեկորդներ սահմանել»:
Ռոման Սահրադյանը մարզիկին հատուկ վստահությամբ նշեց՝ ուրախ կլինի, եթե որևէ մեկը գերազանցի իրեն, իսկ մինչև նոր բարձունքներ գրավելը շտապեց նշել՝ այս հաղթանակը նվիրում է հարազատ բուհի հիմնադրման 90-ամյակին:
Արտասովոր շարժողական գործունեության գրանցման հանձնաժողովի «Դյուցազնագրքի» նախագահ Վարդան Թովմասյանը տպավորված, բայց զարմացած չէ Ռոման Սահրադյանի ռեկորդով. նա «Դյուցազնագրքի» հնգակի ռեկորդակիր է, ումից դեռ կարելի է մեծ ձեռքբերումներ ակնկալել: