Այսօր Մանկավարժական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի հերթական նիստը: Ավանդույթի համաձայն` բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը շնորհավորեց ամսվա

հոբելյարներին,ապա դոցենտի և պրոֆեսորի կոչումներ շնորհեց ներկայացված թեկնածուներին:
Մագիստրոսական կրթական ծրագրերի և գործընթացի արդիականացմանն ուղղված աշխատանքների մասին զեկուցեց Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը: Վերջինս կարևորեց մագիստրոսների` նեղ մասնագիտական ոլորտին, դրա շրջանակներում հետազոտության նորագույն մեթոդներին, տեխնոլոգիաներին տիրապետելու և հետազոտության արդյունքները մեկնաբանելու անհրաժեշտությունը.«Մագիստրոսական կրթության վերջնարդյունքներն ապահովելու նպատակով վերանայվել են բոլոր մասնագիտությունների առարկայական ծրագրերը, տեսանելի փոփոխությունների են ենթարկվել նաև մագիստրոսական ուսումնական հին պլանները: Մագիստրոսական կրթության ընթացքում մագիստրոսը պետք է ուսումնասիրի բակալավրիատում սովորած օտար լեզուն` ապահովելով լեզվի ուսուցման անընդհատությունն ու շարունակականությունը»,-հավելեց Սրբուհի Գևորգյանը:
Ուսումնագիտական գծով պրոռեկտորը կարևորեց մագիստրոսական կրթությունը սպասարկող պրոֆեորադասախոսական անձնակազմի ընտրությունն ու բակալավրիատից տարբեր` նոր մասնագետների համալրումը մագիստրատուրայում:
Բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ընդգծեց` ժամանակն է մագիստրոսական կրթությունը տարանջատել բակալավրիականից և այն դիտարկել որպես երկրորդ բարձրագույն կրթություն, հեռանալ դասավանդման ավանդական մեթոդներից և կարևորել գիտահետազոտական աշխատանքները:
.jpg)
Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը նիստի ընթացքում անդրադարձավ «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» մասնագիտության ուսումնական ծրագրերին: Վերջինս գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց «Տեխնոլոգիա» մասնագիտությամբ մասնագետներ պատրաստող ամբիոնի գործունեությունը: Վերջինս անհրաժեշտություն համարեց անվանափոխել վերոնշյալ մասնագիտությունն ու այն համապատասխանեցնել միջնակարգ հանրակրթական դպրոցի «Տեխնոլոգիա» առարկային ու դրա վերաբերյալ 2012 թվականին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված չափորոշիչներին:
«Նվազագույն մակարդակի ապահովման համար անհրաժեշտ է նաև վերանայել դասավանդվող առարկաների ցանկը, դասաժամերը, ինչպես նաև համալսարանում հիմնել էլեկտրոտեխնիկական լաբորատորիա, փայտամշակման, մետաղամշակման, կարուձևի արհեստանոցներ և ուսումնական խոհանոց»,-նշեց Մհեր Մելիք-Բախշյանը:
Ուսումնամեթոդական վարչության պետը, հիմք ընդունելով բուհում ռոբոտոտեխնիկա առարկա ներդնելու Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից ստացված առաջարկը, նպատակահարմար համարեց այն ընդգրկել «Տեխնոլոգիա և ձեռնարկչություն» մասնագիտության շրջանակում:
Հարցի շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում.գիտական խորհրդի անդամները հանդես եկան տարբեր առաջարկներով:
Ներկայացված նախագիծն արժանացավ գիտական խորհրդի անդամների հավանությանը:
Նիստի ընթացքում փակ քվեարկությամբ Արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչի պաշտոնում վերընտրվեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուզան Թադևոսյանը, Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնն ստանձնեց միակ թեկնածու, բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վազգեն Համբարձումյանը, պրոֆեսորի կոչում ստացավ ներկայացված 1, իսկ դոցենտի`4 թեկնածուներ: Գիտական խորհրդի նիստում հաստատվեցին ներկայացված 13 թեկնածուական ատենախոսությունների թեմաները, ուսումնական մի քանի ձեռնարկներ երաշխավորվեցին տպագրության:
Նիստի ընթացքում քննարկվեցին ընթացիկ հարցեր: