Մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ՀՀ կառավարության «Զինծառայողի կրթական կարիքների գնահատման հետազոտություն եւ կրթական ծրագրերի

իրականացում ՀՀ ԶՈՒ զորամասերում» ծրագրի շրջանակում այցելել էր Նուբարաշենի զորամասերից մեկը:
Զինվորների հետ հանդիպմանը ներկա էր ՀՀ վարչապետ, մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Պետությունը զինվորների համար նորմալ պայմաններ ստեղծելուց բացի, պարտավոր է զորացրվելուց հետո հոգ տանել նաև նրանց կրթության և աշխատանքի մասին»,- զինվորների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Զինծառայողի կրթական կարիքների գնահատման հետազոտություն եւ կրթական ծրագրերի իրականացում ՀՀ ԶՈՒ զորամասերում» ծրագիրը մեկնարկելու է մարտի 10-ին:
Ծրագրի նպատակն է զինծառայողների ծառայության վերջին ամիսների ընթացքում ուսումնասիրել նրանց կրթության նկատմամբ հակումներն ու նախասիրությունները, ունակություններն ու կարողությունները, կրթությունը շարունակելու նպատակամղվածությունը:
Հիմք ընդունելով հետազոտության արդյունքները` նախանշել յուրաքանչյուր զինծառայողի համար կրթական կարիքների կազմը, զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտություների եւ առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց նախատրաստումը` ՀՀ բուհերում, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու համար:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ծրագրի նախաձեռնությունը կարևոր է համարում: Նախարարի դիտարկմամբ, ծրագիրը սոցիալական ուղղվածության հետ մեկտեղ զինված ուժերում կբարձրացնի կրթական մակարդակը:
Մանկավարժական համալսարանի 52 ասպիրանտներ, մագիստրոսներ և դասախոսներ կամավոր սկզբունքով կաշխատեն ծրագրի շրջանակում:
Համալսարանն արդեն մշակել է դասընթացների ծրագիրը, դասավանդող խմբերն ու առարկաները: Հայոց լեզու և գրականություն, պատմություն, աշխարհագրություն, քիմիա, օտար լեզու: Սա առարկաների այն համառոտ ցանկն է, որոնք հնարավորություն կտան 119 զինվորի ստանալ գիտելիքներ և շարունակել կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:

«Մանկավարժական համալսարանի ընտրությունը պատահական չէ,- կարծում է համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Որոշակի գիտելիքներից բացի, որի կրողն են հանդիսանում մեր ուսանողները, մագիստրոսներն ու դասախոսները աշխատանքը ենթադրում է նաև որոշակի մանկավարժական գիտելիքներ: Ծրագիրը հաջող ընթացքի դեպքում հնարավորություն կտա մեր այսօրվա զինվորին շարունակել ուսումն ու լուծել աշխատանքի խնդիրը: Ես այսօր ինձ զգացի զինվոր, որի ուսերին դրված է մեծ պատասխանատվություն. կկատարենք,-եզրափակեց համալսարանի ռեկտորը»:
Նշենք, որ սա փորձնական ծրագիր է, որի կրթական բաղադրիչը համակարգում է Հայկական պետական մանկավարժական համալսարանը` միջբուհական կոնսորցիումի բուհերի հետ համատեղ` Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտ, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտ, Գավառի պետական համալսարան, Գորիսի պետական համալսարանը, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ, Արցախի պետական համալսարան/ դիտորդի կարգավիճակով/: