ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հոգեբանական ինտելեկտուալ մրցույթ`Հենակետային վարժարանում
16.05.2013
«Հաղթում է ուժեղագույնը, իսկ ուժեղագույնը միշտ էլ ինտելեկտուալ է». այս վստահությամբ Մանկավարժական համալսարանի Հենակետային (ավագ դպրոց) վարժարանում անցկացվեց «Հոգեբանության աշխարհագրություն» թեմայով ինտելեկտուալ խաղ-մրցույթ:
Խաղ-մրցույթին մասնակցում էին հոգեբանության հոսքի 12-րդ դասարանի աշակերտները. մասնակից երեք` «Ռելաքս», «Ռեֆլեքս», «Ռեալիստ» թիմերի համար հարցերը պատրաստել էին նույն հոսքի կրտսեր դասարանի աշակերտները:
Մասնակիցների ինտելեկտն ու գիտելիքները ստուգելու համար ընտրվել էր հոգեբանական խաչբառների մեթոդը. 2 մարդուկների վրա պատկերվել էին աշխարհի և ՀՀ քարտեզները. մրցույթում հնչած յուրաքանչյուր հասկացություն բնորոշում էր տվյալ աշխարհամասին կամ մարզին բնորոշ հոգեբանական առանձնահատկությունները:
Ողջ խաղի ընթացքում աշակերտները ցուցաբերեցին ինտելեկտուալ բարձր մակարդակ` պատասխանելով մարդուկ –խաչբառերում ընգրկված հոգեբանության և աշխարհագրության ոլորտներին վերաբերող հարցերին:
Արդյունքներն ամփոփելուց հետո պարզ դարձավ` 2 փուլով անցկացվող ինտելեկտուալ խաղ-մրցույթում առավելագույն միավորով հաղթող ճանաչվեց «Ռեֆլեքս» թիմը:
Թիմի ավագ Մարինե Դիլաքյանն ուրախ է`մրցութի համար ընտրված «Միշտ առաջինը» կարգախոսն իր նպատակին ծառայեց. խաղը տվեց վստահություն և համոզվածություն` վարժարանում սովորած տարիներն ապարդյուն չեն եղել:
«Եկել ենք, որ հաղթենք» կարգախոսն ընտրած «Ռելաքս» թիմի ավագ Մարիամ Առաքելյանը չի վհատվում` ընդամենը մեկ միավորով են զիջում հաղթող թիմին, սակայն նոր ձևաչափի մեջ հնարավոր եղավ ներկայացնել գիտելիքները:
Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի հոգեբանության ուսուցչուհի, նախաձեռնության հեղինակ Մարիամ Մեհրաբյանը գոհ է մրցույթի արդյունքից.վստահ է` խաղ-մրցույթում կիրառված ինտերակտիվ մեթոդը ձեռքբերված գիտելիքների փոխանակման արդյունավետ միջոց է, որը կնպաստի աշակերտների առավել ակտիվ շփմանն ու գիտելիքների փոխանակմանը: