ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Համերգ-միջոցառում՝ հաշմանդամների մասնակցությամբ
16.05.2013
Մանկավարժական համալսարանի բեմում այսօր կրկին հաշմանդամներն էին. գարնանը նվիրված համերգ-միջոցառման ընթացքում «Ֆորտե» հաշմանդամների գիտամշակութայինհասարակական կազմակերպության սաները ներկայացրին ինչպես ժողովրդական, այնպես էլ սեփական ստեղծագործությունները:
Քրիստինե Հովհաննիսյանը, Անուշ Մխիթարյանը, Վրեժ Մանուկյանը, Արմեն Դանիելյանը, Նունե Ֆիդանյանը, Արփինե Մարիտիրոսյանը համերգի ընթացքում կատարեցին Առնո Բաբաջանյանի, աշուղ Հավասու, Շահենի ստեղծագործությունները՝ Սիփան Ասատրյանի դաշնամուրային նվագակցությամբ:
Բազմաթիվ մրցույթների մասնակից Քրիստինե Հովհաննիսյանն առաջին անգամ էր Մանկավարժականում. համերգի ավարտից հետո խոստովանեց՝ չնայած հուզված էր, բայց կարճ ժամանակ անց Կուլտուրայի ֆակուլտետի բեմը դարձավ ջերմ ու հյուրընկալ, իսկ հանդիսատեսը՝ հարազատ:
Սիփան Ասատրյանը ձայնակցում և նվագակցում էր համերգի բոլոր մասնակիցներին և նրանց անունից էլ միջոցառման ավարտին շնորհակալություն հայտնեց հյուրընկալելու, իրենց ապրումներն ու շնորհներն արտահայտելու հնարավորություն ընձեռելու համար:
«Մեր ժամանակներում ամեն ինչ կա, սակայն քիչ բան կարող է մարդուն հուզել և հիացնել այնպես, ինչպես այսօրվա միջոցառումը»,-նշեց մասնակիցների կատարումներով հաճելիորեն զարմացած և հիացած Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանը:
Վերջինս բուհի անունից պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը կազմակերպության հետ:
Նշենք, որ Հատուկ կրթության ֆակուլտետը «Տիֆլոմանկավարժություն» մասնագիտության շրջանակում սերտորեն համագործակցում է «Ֆորտե» հասարակական կազմակերպության հետ, ուր ուսանողները կամավոր սկզբունքով իրենց տեսական գիտելիքներն ամրապնդում են գործնականում: