ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Անմահ հերոսներ.Թաթուլ Կրպեյան
17.05.2013
«Հերոսներ…ովքեր ապրելու մտադրությամբ մեռել են հաճախ, սակայն մեռնելու մտադրությամբ չեն ապրել երբեք». Թաթուլ Կրպեյանի այս պատգամով ներշնչված` Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈւԽ-ի Լրատվական հանձնաժողովը կազմակերպել էր միջոցառում` նվիրված Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակին:
Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես եկան թեմատիկ զեկուցումներով, ներկայացրին Թաթուլ Կրպեյանի հեղինակած բանաստեղծություններն ու երգերը, որոնց նպատակը ուսանողներին ազգային ոգով դաստիարակելն էր:
««Ինչո՞ւ եք վախենում մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի: Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի...»,-մեջբերելով Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարի խոսքերը` ուսանողները ևս մեկ անգամ ընդգծեցին քաջ հայորդու արիությունն ու հայրենի հողը չզիջելու կամքը:
Ի դեպ, դեռևս օրեր առաջ ՈւԽ-ի Լրատվական հանձնաժողովը հայտարարել էր <<Անմահ հերոսներ>> խորագրով շարադրությունների մրցույթ:
Միջոցառման ավարտին ամփոփվեցին մրցույթի արդյունքները. 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան պատվոգրեր, իսկ 1-ինը` Սոցիալական աշխատանք բաժնի 1-ին կուրսի ուսանողուհի Արփինե Ղազարյանը` նաև մրցանակ: