ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Երգի տոն»՝ Մանկավարժականում
17.05.2013
Արդեն 8 տարի է, ինչ Մանկավարժական համալսարանի Մշակույթի կենտրոնի և Կրթության ազգային ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպվում է դպրոցական երգչախմբերի հանրապետական փառատոն:
 
ՀՊՄՀ 3-րդ մասնաշենքի բակում կազմակերպված երգի տոնին մասնակցում էին Երևանի և Հայաստանի տարբեր մարզերի մի շարք երաժշտական դպրոցների երգչախմբեր, որոնց խմբավարները Մանկավարժական համալսարանի տարբեր տարիների շրջանավարտներ են:
 
Երգչախմբերին դիմավորեց Մանկավարժական համալսարանի փողային նվագախումբը, իսկ իրենց կատարումներով երեխաներին ողջունեցին բուհի շրջանավարտներ Մհեր Գալստյանը, Մարգարիտա Գաբրիելյանը, Երգի պետական թատրոնի սան Յանա Հովհաննիսյանը, հայկական էստրադայի ներկայացուցիչներ Լենա Ղազարյանն ու Լանա Խաչատրյանը:
 
Երևանի №194, 199, 89, 99, 137, 147 և 155, ինչպես նաև Էջմիածնի №4 և Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի երաժշտական դպրոցների երգչախմբերը Հեղինե Մկրտչյանի, Լիաննա Գևորգյանի, Վարդուհի Հակոբյանի, Ագապի Մադոյանի, Գրիգոր Գրիգորյանի, Մարիետա Կարապետյանի, Աննա Սմբատյանի, Գայանե Մադոյանի և Ռիտա Գրիգորյանի խմբավարությամբ կատարեցին շուրջ մեկ տասնյակ ստեղծագործություններ:
 
Երգի տոնը ժողովրդական և ժամանակակից պարային կատարումներով լրացրին Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի սաները:
 
«Մանկավարժական համալսարանը հանրակրթական դպրոցների համար կրթում է երգի և երաժշտության ուսուցիչներ, որոնց աշխատանքային գործունեության արդյունքները նկատելի են դառնում նաև այս փառատոնում»,-նշեց Մշակույթի կենտրոնի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Արկադի Շեկունցը՝ ավելացնելով, որ ամենամյա դարձած երգի տոնը հիանալի միջոց է Հայաստանում երգչախմբային արվեստի տարածման համար: