ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մանկավարժականը միացավ «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիային
18.05.2013
Մանկավարժականը միացավ «Թանգարանների գիշեր» միջազգային ակցիային
«Թանգարանների գիշեր» միջոցառումների շրջանակում այսօր Մակավարժականի եռաչափ թանգարանը հագեցած էր մշակութային բազմաբնույթ միջոցառումներով:
 
Վաղ առավոտից թանգարան այցելող դպրոցականներին, ուսանողներին և մշակութասեր հասարակությանը «դիմավորում էր» Մեծ Լուսավորիչ Խաչատուր Աբովյանը՝ եռաչափ վիրտուալ ուղերձով:
 
Ներկաներին ողջունեց թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանը՝ ներկայացնելով «Թանգարանների գիշեր» միջոցառման ծրագիրը: Վերջինս տեղեկացրեց՝ չնայած առաջին անգամ են մասնակցում թանգարանների միջազգային օրվա շրջանակում անցկացվող միջոցառումներին, սակայն ուրախ է՝ վաղ առավոտից այցելուների հոսքը թանգարան չի դադարել:
 
«Թանգարանի աշխատակազմը ջանք չի խնայում տաբեր տարիքային խմբերի այցելուներին՝ բուհի ձեռքբերումներին, թանգարանի գիտա-կրթական հարուստ նյութերին ծանոթացնելու, տարաբնույթ միջոցառումներում ներգրավելու համար»:
 
Թանգարանի տնօրենը մեծ ուրախությամբ նշեց նաև ֆոնդի համալրման մասին. քանդակագործության դասախոս Միսաք Մելքոնյանը օրերս թանգարանին է նվիրել ականավոր լեզվաբաններ Հրաչյա Աճառյանի, Մանուկ Աբեղյանի, ինչպես նաև ՀՀ Ազգային հերոս Մովսես Գորգիսյանի կիսանդրիները:
 
Տոնական միջոցառումները մեկնարկեցին «Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական աշխատությունների մատենագիտություն (1940-1990թթ.)» գրքի շնորհանդեսով:
 
Գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, գրքի խմբագիր Գագիկ Սուքիասյանը, խոսելով գրքի ճանաչողական և գիտատեղեկատվական կարևոր նշանակության մասին, նշեց՝ աշխատանքը եզակի է ոչ միայն իր բնույթով ու տեսակով՝ որպես պատմական հետադարձ մատենագիտության անկրկնելի օրինակ, այլև՝ ժամանակագրական առումով՝ ընդգրկելով շուրջ 50 տարվա (1940-1950 թթ.) ընթացքում ՀՊՄՀ-ում լույս տեսած 1908 միավոր հրատարակություն. «Գիրքն ունի առարկայական դասակարգման սկզբունք և հստակ պատկերացում է տալիս բուհի անցյալ դարի նշված ժամանակաշրջանի գիտակրթական գործի կազմակերպման ու զարգացման մասին»:
 
Գրադարանի մատենագիտության բաժնի նախկին վարիչ Ջուլիետա Սիմոնյանը Նարինե Դանիելյանի հետ գիրքը կազմողներից է: Նա խոստովանում է՝ իր համար սա երջանիկ օրերից մեկն է. սեղանին է դրվել իր 15 տարիների տքնաջան աշխատանքի արդյունքը. «Գիտության մեջ չկա կարճ ու հեշտ ճանապարհ. արդյունքի է հասնում նա, ով կարողանում է քայլել այդ քարքարոտ ու դժվարին ճանապարհով: Կապվեք գրքի հետ. գիտությունը հզոր ձեռք է մարդու կյանքում, որ նրան պետք է ուղեկցի ողջ կյանքում»:
 
Գրքի շնորհանդեսին հաջորդեց Գեղարվեստական կրթության ֆակուլտետի Նվագարանների ամբիոնի 2-րդ կուրսի քանոնահարների համույթը՝ Նարեկ Գրիգորյանի նվագակցությամբ՝ կատարելով կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի ստեղծագործությունները:
 
Միջոցառումների շարքն ամբողջացրեց «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի համերգը:
 
Մանկավարժական համալսարանի եռաչափ թանգարանի այցելուներին սպասում էր մեծ անկանկալ. շուրջ մեկուկես ժամ «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի անդամների անմիջական ուսուցմամբ նրանք սովորեցին, թե ինչպես պարել ազգագրական պարեր:
 
Հիշեցնենք, որ Մանկավարժական համալսարանի նորագույն տեխնոլոգիաներով հագեցած թանգարանը բացվել է 2012 թվականի նոյեմբերին: Եռաչափ ֆորմատի թանգարանը նորույթ է. նման փորձ Հայաստանում եղել է, սակայն այս դեպքում առկա է նաև ձայնը: Մինչ օրս թանգարանն ունեցել է շուրջ 12 000 այցելու՝ այդ թվում տարբեր դպրոցների աշակերտներ, այլ բուհերի ուսանողներ, անվանի հասարակական-քաղաքական գործիչներ:
 
Ի դեպ, այս տարի «Թանգարանների գիշեր» ծրագիրը կրում է «Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթության միջավայր» կարգախոսը: Միջոցառումն հնարավորություն է ընձեռում հասարակությանն անվճար հաղորդակից լինել թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտել թանգարաններում պահվող մշակութային արժեքները: