ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ամփոփվեցին պրակտիկայի արդյունքները
20.05.2013
Սկզբնական կրթության ֆակուլտետի Տարրական կրթություն (մանկավարժություն և մեթոդիկա) բաժնի առկա 3-րդ և հեռակա 5-րդ կուրսի ուսանողները մանկավարժական վերջին պրակտիկայի արդյունքներն ամփոփեցին կոնֆերանսով:
Սկզբնական կրթության ֆակուլտետի պրակտիկայի ղեկավար Արմինե Միքայելյանը նշեց՝ ուսանողների համար սա ինչ-որ առումով քննություն, իսկ իրենց համար հաշվետվություն է, քանի որ ներկայացվում է դպրոցներում անցկացրած պրակտիկայի ողջ բովանդակությունը:
Պրակտիկայի ղեկավարն ավելացրեց՝ №57, 135(ներառական), 137, 60, 6 դպրոցներում, Մխիթար Սեբաստացի և Անանիա Շիրակացի կրթահամալիրներում անցկացրած պրակտիկայի արդյունքները ներկայացնելը նպատակ ունի նաև վեր հանել ուսանողների՝ պրակտիկայի ընթացքում հանդիպած խնդիրները. «Ուսանողները երբեմն բախվում են տեխնիկական ու մեթոդական այնպիսի խնդիրների, որոնք կարող են հիասթափության և հուսահատության պատճառ դառնալ, սական պետք է արձանագրել՝ դժվարությունները ևս փորձառություն են նրանց համար»:
Անդրադառնալով պրակտիկայում առկա խնդիրներին՝ Արմինե Միքայելյանն ավելացրեց՝ ցանկալի կլինի վերանայել նաև մեթոդիստների գործունեությունը՝ առավել մեծ ժամաքանակով ուսանողների հետ դպրոցում աշխատելու համար:
Այս կիսամյակի ընթացքում ուսանողների պրակտիկան համակարգող Անահիտ Բաբաջանյանը հավելեց՝ բոլոր դպրոցների տնօրեններն ու ոսուցչական կազմը իրենց գոհունակությունն են հայտնել ուսանողների կատարած աշխատանքի վերաբերյալ. «Ողջ պրակտիկայի ընթացքում ուսանողները կազմակերպել են բազմաբովանդակ միջոցառումներ, պատրաստել բազմապիսի դիդակտիկ նյութեր՝ մեծապես նպաստելով պրակտիկայի ընթացքին ու արդյունավետ ավարտին»:
Գրիգոր Նարեկացու անվան №137 դպրոցի առաջին դասարանի աշակերտների այբբենական հանդեսով մեկնարկեց պրակտիկայի ամփոփումը, որն առավել շոշափելի և ակնառու դարձրեց նրանց անցկացրած պրակտիկան:
«Անկարելի բան աշխարհում չկա, եթե աշխարհում տիրում է բարին». այսպես ողջունեցին աշակերտները և հեքիաթային տարբեր բեմադրություններով տոն դարձին ներկաներից յուրաքնաչյուրի օրը:
Հեքիաթային հերոսներ Մաշայի և արջի, Ձախորդ Փանոսի և Ուստիանի, կոկորդիլոս Գենայի և Չեբուրաշկայի, յոթ թզուկների և Լեոպարդի անունից նրանք իրենց կոչը հղեցին՝ մաղթելով համերաշխություն ու բարություն:
Դասվար Անահիտ Գրիգորյանի դասարանում իրենց պրակտիկան են անցկացրել երկու ոսւանողուհի: 30 տարվա մանկավարժական փորձառություն ունեցող դասվարը նկատում է՝ ուսանողներին պրակտիկաներ, դասալսումներ շատ են անհրաժեշտ, ապա խոստովանում՝ լավ ուսուցիչ լինելու կարևոր նախապայմանը երեխաներին և ընտրած մասնագիտությունը սիրելն է:
Այբբենարանի հանդեսին հաջորդեց այլ դպրոցներում անցկացրած պրակտիկայի ամփոփումը. պատկերային ներակայացումներով ուսանողները ներկայացրին վերոնշյալ դպրոցներում կատարած աշխատանքը, ինչպես նաև դասապրոցեսի և միջոցառումների տեսանյութեր:
Անանիա Շիրակացի ճեմարանում պրակտիկա անցկացնող 14 պրակտիկանտներից Սիրուն Թորոսյանը ժպիտով է նշում՝ պրակտիկայի ողջ ընթացքում իրեն իսկական ուսուցիչ է զգացել՝ չնայած որ ծագել են այնպիսի հարցեր, որոնց տեսականորեն հնարավոր չէ պատասխանել. «Մասնագիտության մեջ հմտանալու համար առավել կարևոր է ակտիվ պրակտիկան՝ ի տարբերություն այն հսկայածավալ տեսական նյութին, որը շատ հաճախ մոռացության է մատնվում»:
armspu.am-ի հետ զրույցում Պրակտիկայի վարչության ղեկավար Վահան Սարգսյանը կարևորեց կոնֆերանսին աշակերտների անմիջական մասնակցությունը, ուսանողների ակտիվ և կառուցողական քննարկումները, որոնք էլ հիմք կհանդիսանան պրակտիկայի գործընթացում նոր փոփոխություններ, լրացումներ կատարելու համար:
«Նման կոնֆերանսները պետք է դարձնել ինստիտուցիոնալ՝ ընդգրկելով նաև այլ ֆակուլտետների: Դպրոցները դրականորեն են արձագանքում ուսանողների մասնակցությանը, որը մեզ համար դառնում է գնահատման գործիք»,-ավելացրեց Վահան Սարգսյանը:
Միջազգային փորձագետ Վեսա-Մատի Սարենիուսը նույնպես բարձր գնահատեց պրակտիկայի նմանատիպ ամփոփումը, որը լավ ուղի է ուսանողների գիտելիքները հանրայնացնելու և փորձի փախանակման համար: Փորձագետը խոստովանում է՝ նոր մտածողությամբ արված թղթապանակներն ու պրակտիկայի դիդակտիկ նյութերի ցուցահանդեսը միանշանակ կկիրառի:
Ի դեպ, ֆակուլտետի նախասրահում կարելի էր հանդիպել պրակտիկայի ընթացքում ուսանողների պատրաստած դիդակտիկ նյութերը, որոնք նրանք սիրով նվիրելու են դպրոցներին: