ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հատուկ մանկավարժը` PECS-ի մեթոդների մասին
23.05.2013
Այսօր Հատուկ կրթության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներն ու շրջանավարտները մասնակցեցին ֆակուլտետի դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմինե Ավագյանի անցկացրած հանդիպում-թրեյնինգին:
Վերջինս հատուկ մանկավարժներին ծանոթացրեց «Նկարների փոխանակմամբ հաղորդակցման համակարգ(PECS)» մեթոդիկային, ապա «PYRAMID» կազմակերպությունից որպես մրցանակ ստացած գրքերի, դիդակտիկ նյութերի և խաղերի միջոցով ներկայացրեց դրանց նշանակությունն ու գործնականում կիրառելու անհրաժեշտությունը:
Ընդգծելով PECS-ի դրական ազդեցությունը խոսքի խանգարում ունեցող և աուտիզմով տառապող հիվանդների բուժման գործում` Արմինե Ավագյանը ցավով նկատեց, որ դիդակտիկ նյութերի հետ կապված տեխնիկական դժվարությունները խոչնդոտում են մեթոդի Հայաստանում մեթոդի հաճախակի կիառումը. «Չնայած այն տեսակետին, թե PECS-ը վարժեցնող մեթոդ է, այնուամենայնիվ, Գերմանիայում այն համարվում էաուտիզմով անձանց հաղորդակցման զարգացման ամենաարդյունավետ մեթոդը: Նույնիսկ տնային պայմաններում կարելի է ստանալ նման դիդակտիկ նյութեր և մասնագիտական ճիշտ միջամտությամբ օգնել հաղորդակցման խնդիրներ ունեցողներին»:
Թրեյնինգի ընթացքում մասնակիցները դիտեցին նաև «PYRAMID» կազմակերպության (ԱՄՆ) հիմնադրման 20-ամյակին նվիրված «Նկարների փոխանակմամբ հաղորդակցման համակարգ (PECS)» մեթոդիկայի կիրառումը ներկայացնող տեսանյութերի միջազգային մրցույթում Հատուկ կրթության ֆակուլտետի դեկանի ներկայացրած և մրցանակային II տեղը զբաղեցրած «Լևոնը խանութում» տեսանյութը:
Ի դեպ, Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը Հայաստանում այն եզակի մասնագետներից է, ով ունի PECS –ի մեթոդի մասնակի դասավանդման իրավունք:
1996 թվականին Մանկավարժական համալսարանի Լոգոպեդիայի բաժինն ավարտած Արմինե Մանուչարյանը 17 տարի անց կրկին հարազատ բուհում է: Հատուկ մանկավարժը խոստովանում է`այսօր ուսանողն առավել լայն հնարավորություն ունի. նախկինում դժվար էր պատկերացնել, որ տեսական գիտելիքները գործանականում կարելի է ամրապնդել հենց ուսումնառության ընթացքում: Համակուրսեցու անցկացրած թրեյնինգը նորարարություն է համարում, որն անպայմանորեն կկիրառի աշխատանքում:
Նկարների փոխանակմամբ հաղորդակցման համակարգը կիրառելու մտադրություն ունի նաև Հատուկ կրթության ֆակուլտետի հեռակա բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարիամ Պետրոսյանը: PECS –ի մեթոդը գործնականում կիրառող ապագա հատուկ մանկավարժն անկեղծանում է ` երեխաների հետ աշխատանքում երբեմն տարակուսել է, սակայն այսօրվա ձեռնարկը կնպաստի մեթոդի ճիշտ կիրառմանն ու աշխատանքում ցանկալի արդյունքի հասնելուն:
Հանդիպման ավարտին Արմինե Ավագյանը նշեց, որ հատուկ մանկավարժների գործնական հմտությունները զարգացնելու համար պատրաստվում է «PYRAMID» կազմակերպությունից ստացած գրքերը, դիդակտիկ նյութերն ու խաղերը տրամադրել ֆակուլտետի կազմում հիմնադրվող լաբորատորիային: