Աշխատանքային այցով այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Ֆինլանդիայի համալսարանների դասախոսների միության ներկայացուցիչները՝ տարբեր

մասանագիտությունների գծով 12 դասախոս:
Պատվիրակներ Վեսա-Մատտի Սարենիուսը, Միրկկա Ալի-Լաուրիլան, Ակե Ֆիննեն, Էրյա Կոսոնեն, Յուհա Մերիկօսկին, Յաննա Մակի-Տուօմինեն, Մերիա, Նաալիսվաարա-Յոկինեն, Սեպպո Սաինիոն, Կրիստի Վաինիոն, Տայրա Վոտկին, Ուլլա Վանան համալսարան էին այցելել մանկավարժական կրթություն իրականացնող առաջատար բուհի գործունեությանը ծանոթանալու, ինչպես նաև փորձի փոխանակման համար:
Կրթության որակի և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Տիգրան Այվազյանը նախ պատվիրակներին ծանոթացրեց Մանկավարժական համալսարանի ղեկավարությանը, ապա աշխատանքային այցով արտերկրում գտնվող ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի և պրոֆեսորադասախոսկան կազմի անունից շնորհակալություն հայտնեց համագործակցության համար՝ ակնկալելով բարձր արդյունավետություն:
Անդրանիկ նիստի ընթացքում պրոռեկտորը ներկայացրեց Մանկավարժականի կառուցվածքը, մասնագիտությունները, բակալավրիական և մագիստրոսական կրթական ծրագրերը, կրթական բազմապիսի ծրագրերի շուրջ այլ բուհերի, հատկապես՝ Օուլուի համալսարանի հետ համագործակցությունը:
Դասախոսների և ուսանողների մասնակցությամբ առավել ընդլայնված նիստի ընթացքում Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանն ընդգծեց՝ ֆին պատվիրակաների ներկայությունը համալսարանում վկայում է՝ միջազգային համագործակցության զարգացման ճանապարհին բուհն ընթանում է ճիշտ ուղով:

Պրոռեկտորն ընդգծեց հատկապես Օուլուի համալսարանի հետ համագործակցությունը, որի արդյունքում Մանկավարժականում վերանայվել են կրթական ծրագրերը, ներդրվել պրակտիկայի նոր համակարգ, փոխվել է կառավարման հաշվետվողականության և թափանցիկության ռազմավարությունը, ինչպես նաև կարևորվել որակի ապահովման ձեռնարկն ու Կարիերայի կենտրոնի աշխատանքները:
«Մեկ այցն էլ բավական է բուհի հյուրընկալությունը նկատելու համար, սակայն առավել հաճելի է մեր ազգային դրոշը այստեղ տեսնելը»,-նշեց պատվիրակության ղեկավար Սեպպո Սաինիոն:
Իր ելույթում վերջինս կարևորեց դասախոսների և ուսուցիչների առաքելության բարձրացումը՝ օրինակ բերելով այդ ոլորտում Ֆինլանդիայի փորձը. «Դասախոսների մասնագիտական որակների, իրավունքների զարգացման տեսանկյունից մեզանում մեծանում է արհեստակցական միություններում նրանց ներգրավելու միտումը»:
Փորձագետը հավաստիացրեց՝ ինքնազարգացման, հետազոտական նոր հնարավորությունների ստեղծման և զարգացման, ինչպես նաև նոր համագործակցության տեսանկյունից Բոլոնիայի գործընթացի շրջանակում ներկայումս Ֆինլանդիայում կրթության ոլորտի միջազգայանցումը համարվում է առաջնային:
Նիստի ընթացքում գործընկեր կողմերը դիտեցին Մանկավարժական և Ֆինլանդիայի համալսարանների մասին պատմող տեսաֆիլմ և պատկերային ներկայացում, որում առավել մանրամասն ներկայացվեց երկու համալսարանների գիտա-կրթական գործունեությունն ու տարբեր ոլորտներում վերջին տարիների ձեռքբերումները:
Աշխատանքային օրվա ավարտին ֆին պատվիրակներն այցելեցին բուհի թանգարան, ինչպես նաև հյուրընկալվեցին Կուլտուրայի ֆակուլտետ, որի դահլիճում նրանց ողջունեցին Պարարվեստի բաժնի ուսանողները: