ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Վերջին զանգ»-ը` Հենակետային վարժարանում
24.05.2013
Վահան Թոթովենցի անվան №57 դպրոցում գործող ՀՊՄՀ հենակետային (ավագ դպրոց) վարժարանի 12-րդ դասարաններում հնչեց ուսումնական տարվա ավարտն ազդարարող վերջին զանգը:
19-րդ անգամ անցկացվող ավարտական «Վերջին դաս» հանդեսի մասնակիցներին ողջունեցին և իրենց բարեմաղթաները հղեցին Մանկավարժական համալսարանի Կրթության որակի և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Տիգրան Այվազյանն ու Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արմեն Թամազյանը:
Վերջիններս «օրվա հերոսներին» մաղթեցին հաջող ուսումնական գործունեություն և ցանկություն հայտնեցին որպես ուսանողներ նրանց տեսնել Մանկավարժականում:
1000-ից ավել շրջանավարտ և կրթական հարուստ ավանդույթներ ունեցող կրթօջախում տոնական միջոցառումները մեկնարկեցին Մշակութային հոսքի (նկարչական) շրջանավարտների` գեղանկարի, գծանկարի, գոբելեն աշխատանքների ցուցադրությամբ, որին հաջորդեց 5 տարբեր հոսքերի «Վերջին զանգի» հանդիսությունները:
Հումանիտար (հոգեբանություն, լրագրություն), մշակութային (նկարչություն, դիզայն, ռեժիսուրա), բնագիտամաթեմատիկական հոսքերից յուրաքաչյուրի վերջին դասն անցավ իրեն բնորոշ կոլորիտով:
Նկարչական հոսքի աշակերտներն, օրինակ, գույների լեզվով բնորոշեցին իրենց դասավանդող մանկավարժներին, նրանց դասավանդման մեթոդները, ապագա ռեժիսորները բեմադրել էին իրենց հերթական դասի ընթացքը`համեմված կատակներով, ստեղծագործ մոտեցումներով ու գեղարվեստական բազմապիսի լուծումներով:
Հոգեբանության հոսքի աշակերտները ոլորտին բնորոշ «հոգեբանական կծիկի» միջոցով գործված ոստայնով ևս մեկ անգամ ընդգծեցին դասընկերների միջև եղած հոգեբանական կապն ու մարդկային կյանքի լաբիրինթոսը:
Կարգապահություն, գումարած տրամաբանություն, բազմապատակած աշխատասիրության խորանարդով, բաժանած միավոր ժամանակի. բնագիտամաթեմատիկական հոսքի ներկայացուցիչները հանդեսի ընթացքում իրենց հատուկ տրամաբանությամբ փորձեցին տալ «կատարյալ աշակերտ»-ի բանաձևը:
Տոնական ցերեկույթն ամփոփվեց հարցազրույցի ժանրում. ապագա լրագրողները, մասնագիտությանը հատուկ հետաքրքրասիրությամբ, մեկը մյուսից կորզեցին ավագ դպրոցում ունեցած ձեռքբերումներն ու հարցերի` մինչ օրս չստացած պատասխանները:
ՀՊՄՀ հենակետային (ավագ դպրոց) վարժարանի Հոգեբանության հոսքի 12-րդ դասարանի դասղեկ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Տոնոյանը հուզված է. 8 տարվա մանկավարժական գործունեության ընթացքում առաջին անգամ կյանքի նոր փուլ է ճանապարհում երեք տարի շարունակ հարազատորեն կրթած ու դաստիարակած սերնդին.«Թեպետ յուրաքանչյուրիս կյանքում մանկության մի տարր ուղեկցում է մեզ, սակայն օրվա խորհուրդը հուշում է` մանկությունը հրաժեշտ է տալիս մեզ. նոր և ինքնուրույն կյանք սկսելու ժամանակն է»:
Լուսինե Տոնոյանը ցավով է նկատում` տարեցտարի երիտասարդ սերնդի արժեքային համակարգը փոխվում է, սակայն հույս ունի` եկողները կպահպանեն հայի տեսակը, կվերագնահատեն ևկարժևորեն ունեցածը:
Հոգեբանության հոսքի շրջանավարտ Լիլիթ Խաչատրյանն ուրախ է` վարժարանում ուսումնառության տարիներն իրենց հետքն են թողել. հոսքի աշակերտները տարբերվում են հասակակիցներից, կարողանում են հստակ ձևակերպել ցանկություններն ու նպատակաները, մարդկանց ճանաչել ժեստերով, դիմախաղով.«Նավերն ապահով են, երբ նավահանգստում են, նրանց ոչ մի փոթորիկ ու ալեկոծություն այստեղ չի սպառնում: Մենք էլ հանգիստ ու պաշտպանված ենք մեր նավահանգիստ-դպրոցում»,-ասում է Լիլիթն ու հավելում.«Նավերը ստեղծված են նավարկելու և անցնելու ահեղ քամիների, հուժկու ալիքների միջով: Մեր կյանքի նավն էլ այսօր դուրս է գալիս նավարկության, բայց հանգիստ ու անխռով, քանի որ զինված է հասունությամբ, ինքնուրույնությամբ, ինքանվերլուծությամբ, դիտողականությամբ…»
Հենակետային ավագ-դպրոց վարժարանի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Սաֆարյանը, ամփոփելով օրն ու վարժարանում շրջանավարտների անցկացրած երեք տարիները, նշեց. «Տարեցտարի վարժարանում ավելանում է շրջանավարտների թիվը.այս տարի նրանք 132-ն են: Առաջին անգամ մշակութային և հումանիտար հոսքերում վարժարանն ունեցավ ռեժիսորների և հոգեբանների անդրանիկ սերունդ: Վստահությամբ կարող եմ ասել` մենք հաղթահարել ենք մեր առջև դրված խնդիրները և ունենք եզակի ու կայացած մասնագիտություններ պատրաստող ավագ դպրոց-վարժարան»: