Ուկրաինայի Միխայիլ Դրագոմանովի անվան Ազգային մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի մայիս ամսվա հերթական նիստը տոնական էր. Դրան մասնակցում էր նաեւ
.jpg)
Հայաստանից ժամանած պատվիրակությունը` ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու պրոռեկտոր, ուսումնամեթոդական վարչության պետ Մհեր Մելիք-Բախշյանը:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համասարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանն այդ նիստի ընթացքում ունեցավ բաց դասախոսություն, որից հետո նրան շնորհվեց Ուկրաինայի Միխայիլ Դրագոմանովի անվան Ազգային մանկավարժական համալսարանի, մայր բուհի պատվավոր պրոֆեսորի կոչում:
Երկու մանկավարժական բուհերի միջեւ սերտ համագործակցությունը ձեւավորվել է 2012 թվականին: Գիտական խորհրդի նիստի բացման խոսքում Վիկտոր Անդրուշչենկոն նկատեց. «Հայկական պետական մանկավարժական համալսարանը հայտնի է իր միջազգային կապերով, գիտական ձեռքբերումներով, մանկավարժական նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ, սա իսկապես միջազգային մակարդակի համալսարան է: Այն հպարտ է իր պատմությամբ եւ զարգացման հավակնոտ առաջնահերթություններով»,-ասաց Անդրուշչենկոն եւ այս համատեքստում ընդգծեց Մանկավարժական համալսարանի` տարբեր միջազգային ծրագրերին մասնակցության փաստը, որի շնորհիվ ուսանողները ուսման մի զգալի մասը կանցնկացնեն արտասահմանյան լավագույն գործընկեր բուհերում:
.jpg)
«Ինձ համար մեծ պատիվ է կրել Դրագոմանովի անվան համալսարանի պատվավոր պրոֆեսորի կոչում: Եվ ես կանեմ հնարավոր ամեն ինչ` կրթության ոլորտում մեր երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների ամրապնդման համար»,-ասաց Ռուբեն Միրզախանյանը:
Հայկական պատվիրակությունը Դրագոմանովի անվան համալսարանի թանգարանին նվիրեց ազգային խորհրդանիշ փայտե խաչքար: Իսկ Վիկտոր Անդրուշչենկոյին շնորհեց Հայկական պետական մանկավարժական համալսարանի բարձրագույն պարգեւը` «Խաչատուր Աբովյան» մեդալ: Ի դեպ, նա առաջին օտարազգի ռեկտորն է, որ պարգեւատրվում է այս մեդալով:
Եռօրյա պաշտոնական այցի ավարտին կողմերն ընդգծեցին, որ երկու բուհերի համագործակցությունը բոլորովին նոր մակարդակի վրա է, ինչը բավականին հետաքրքիր եւ արդյունավետ ապագա է խոստանում: