ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Խաչատուր Ստեփանյանի նախաձեռնությամբ եւ Մանկավարժական համալսարանի ուսանողների մասնակցությամբ ստեղծվել է «Հարյուր
.jpg)
լեռնագագաթ» լեռնագնացների ակումբ:
Ակումբի հիմնադիրները նպատակադրվել են առաջիկա մի քանի տարիների ընթացքում բարձրանալ Հայկական լեռնաշխարհի հարյուր լեռնագագաթներ. քայլերթի մեկնարկը տրված է. օրերս 17 աբովյանականներ բարձրացան Արայի լեռան գագաթ:
«Հայրենի բնօրրանը ճանաչելու միտքն ու ցանկությունն առաջացավ «Հայ ազգային-ազատագրական զինված պայքարը 19- րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին» հատուկ դասընթացի շրջանակում: Ուսանողներին չափազանց հետաքրքիր էր իմանալ` ինչպես են ֆիդայիններն ու զինատար խմբերը օրեր շարունակ լեռներով զենքեր տեղափոխել Արևմտյան Հայասատան: Վերջիններիս հետաքրքրասիրությունը բավարարելու, տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու լավագույն տարբերակը սեփական փորձով հայկական լեռները մագլցելն էր»,- armspu.am-ի հետ զրույցում նշեց Խաչատուր Ստեփանյանը:
Ջավախք, Լեռնային Ղարաբաղ, Արևմտյան Հայաստան. ակումբի հիմնադիրը մտովի գծագրում է հաղթահարվող լեռնագագաթների քարտեզն ու վստահեցնում` չեն սահմանափակվելու միայն Հայաստանի լեռներով:
Պատմաբանը կարծում է, որ նախաձեռությունը կօգնի երիտասարդներին դառնալ հայրենաճանաչ, ամուր կկապի հարազատ հողին ու լեռներին, նրանց մեջ կներարկի կամքի ուժ և առողջ ապրելակերպի մշակույթ:
«Հարյուր լեռնագագաթ» ակումբի հիմնադիրը նախատեսել է` լեռնագնացների 100-րդ կանգառը Արարատ լեռն է լինելու, իսկ մինչ այդ Հատիսի գագաթը գրավելու հերթն է:
Ի դեպ, ակումբի դռները բաց են մանկավարժականի ուսանողների, դասախոսների եւ բոլոր ցանկացողների համար: