Օրերս Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում կայացավ Եվրոպայի մանկավարժական համալսարանների ռեկտորների ասոցիացիայի 2-րդ համագումարը, որին ներկա էին նաև Խաչատուր

Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն ու Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը:
Գյոթեի անվան համալսարանում կայացած համագումարին մասնակցում էին 10 երկրների` Ուկրաինայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Լիտվայի, Մակեդոնիայի, Լեհաստանի, Չեխիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Հայաստանի մանկավարժական բուհերի և պետական կառույցների ավելի քան 60 ներկայացուցիչներ:
Համագումարում օրակարգային էր Եվրոպայի մանկավարժական սահմանադրությունը. ասոցիացիայի անդամ ռեկտորների ստորագրությամբ հաստատվեց փաստաթղթի ընդունումը:
Ուկրաինայի Դրագոմանովի անվան ազգային համալսարանի ռեկտոր, Եվրոպայի մանկավարժական բուհերի ասոցիացիայի նախագահ Վիկտոր Անդրուշչենկոն ողջույնի խոսքում նշեց. «Համագումարը ասոցիացիայի անդամներին միավորել է կարևորագույն գաղափարի շուրջ՝ զարգացնել հոգևոր, մշակութային և կրթական ոլորտները՝ համագործակցելով եվրոպական երկրների հետ. դրանում մեծ է հատկապես ուսուցչի դերը»:
Ասոցիացիայի նախագահը վստահեցրեց՝ Եվրոպայի մանկավարժական սահմանադրության ընդունումը շրջադարձային կլինի. քաղաքակիրթ ողջ աշխարհի համար այն կձևավորի կենսագործունեության նոր նորմեր՝ նպաստելով եվրոպական սերունդների նորովի դաստիարակմանը:
Համագումարի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, ով մանկավարժական սահմանադրության ընդունումը կարևոր քայլ համարեց կրթության ինտեգրման գործում:
Ռեկտորը մեծ ցանկություն հայտնեց, որպեսզի Եվրոպայի մանկավարժական համալսարանների ռեկտորների ասոցիացիան նույնպես ընդգրկված լինի Բոլոնյան գործընթացում:
Իր ելույթի ավարտին Ռուբեն Միրզախանյանն ասոցիացիայի անդամներին առաջարկեց հաջորդ համագումարն անցկացնել Հայաստանում: