Մանկավարժական համալսարանի հումանիտար գրականության ընթերցասրահում տեղի ունեցավ Գարեգին Գևորգյանի «Ապրելու իրավունք» գրքի շնորհանդեսը:
Այն 77 էջից բաղկացած բանստեղծությունների ժողովածու է:
«Ժամանակակից հայ գրականությունը ողողված է ոչինչ չասող, մեծածավալ պոետական ժողովածուներով: Ներկայիս պոեզիայի բազմազանության մեջ «Ապրելու իրավունքը» առանձնահատուկ երևույթ է: Հետևելով Գարեգինի ստեղծագործական ուղուն` կարող ենք ասել, որ այս գիրքը բացառիկ երևույթ է ոչ միայն նրա ստեղծագործություններում, այլև արդի քնարերգության դաշտում»,- բացման խոսքում ասաց Գրողների միության նախագահ Լևոն Անանյանը:
Գրքի յուրաքանչյուր տպագիր տողի հանդեպ հեղինակը վերաբերվել է մեծ պատասխանատվությամբ և բծախնդրությամբ: Երեք բաժիններն էլ մի հետաքրքիր ամբողջություն են, որում ներկայացված է ժամանակի ամբողջ խռովքը, ներկայիս հակասությունները: Բանաստեղծություններում նաև սասունցու ապաստարան է, տունը, մանկությունը, որոնց մասին հիշողությունները օգնում են այլ կերպ վերապրել ոչ հաճելի հուշերը:
Շատ գրքերում բացակայում է այսօրվա ռիթմը, շունչը, իսկ «Ապրելու իրավունք»-ում առկա է այն տագնապը, որը բնորոշ է հայրենիքի ճակատագրով մտահոգ գրողին:
Գրքի խմբագիր Թադևոս Տոնոյանը գիրքը խմբագրելիս կարևորել է բանաստեղծի մտածողության և հոգեկան ապրումների փոխանցումը ընթերցողին:
«Պետք է խրախուսել այսպիսի բանաստեղծներին, ովքեր չեն ուզում, որ հայն իր երկրում գաղթականի կարգավիճակ ունենա, որ ստրուկները հաղթեն արքաներին: Դժվար երկունքով այս հրաշալի ծնունդը պիտի գնահատվի, այսօրվա շնորհանդեսը պիտի խթանի այլ գրքերի ծնունդին: Այս ժողովածուն հավաստեց գրքի ապրելու իրավունքը»,- հավելեց Լևոն Անանյանը:
Խեղված արժեհամակարգի ու բարքերի դեմ Գարեգին Գևորգյանը պայքարում է իր վճիտ պոեզիայով:
Արվեստագիտության դոկտոր, պետական մրցանակի դափնեկիր Հրավարդ Հակոբյանը շնորհավորեց գործընկերոջն ու հավաստեց. «Ընթերցողները սիրում են պոեզիան, երբ հասկանում եմ ամեն ինչ: Խոսքը պետք է լինի պարզ ու պատկերավոր: Գարեգինի ստեղծագործություններից ընթերցողներիս է հասնում այն միտքը, որով նա ապրում է, հուզվում»:
Մանկագիր Սուրեն Մուրադյանը նույնպես կարևորում է գրքի լույս ընծայումը. «Պոեզիայի հեղեղի մեջ այս գիրքը կարծես մարգարիտ լինի: Գրքում հրաշալի է ներկայացված հատկապես գյուղական պատկերներն ու մանկության օրերի կարոտը»:
Գարեգին Գևորգյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին` ընդգծելով. «Եթե ծնվելու իրավունքը ստանում ենք ի վերուստ, ապա ապրելու իրավունքը վաստակում ենք ժամանակի ընթացքում: Ես սիրում եմ իմ երկիրը, քան այլ երկրի պսպղուն քարերը: Ես իմ ազգի զավակներից եմ և ապրում ու ստեղծագործում եմ իմ երկրում իմ ժամանակին համընթաց»:
Շնորհանդեսին ներկա էին համալսարանի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբեն Միրզախանյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, Գարեգին Գևորգյանի գրական ընկերները: