ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները՝ ՀՊՄՀ դասախոսների ուսումնասիրման առանցքում
31.05.2013
Օրերս մեկնարկեց ՀՀ Պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովը:
Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարության և զինված ուժերի գլխավոր շտաբի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ռազմական և քաղաքացիական ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ոլորտի մասնագետներ:
Գիտաժողովի առաջին նիստում զեկույցով հանդես եկավ Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը:
Վերջինս իր զեկույցում ներկայացրեց դժվար կոնֆլիկտային իրավիճակներում միջանձնային արդյունավետ փոխազդեցությունների հոգեբանական մեխանիզմները, կոնֆլիկտների նախազգուշացման, կանխարգելման և հաղթահարման հոգեբանական ուղիները:
Գիտաժողովի 2-րդ և 3-րդ նիստերը շարունակվեցին Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, որտեղ հետազոտական աշխատանքների արդյունքների հիման վրա զինված ուժերում ինքնասպանությունների և դրանց փորձերի կանխարգելման վերաբերյալ գործնական առաջարկներ ներկայացրեց Մանկավարժական համալսարանի գիտահետազոտական կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Կամո Վարդանյանը:
Գիտաժողովում զեկույցներով հանդես եկան նաև ՀՊՄՀ Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր Սամվել Խուդոյանը, Պրակտիկայի վարչության պետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Սարգսյանը, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի՝ գիտության և հետբուհական կրթության գծով տեղակալ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Հակոբ Թադևոսյանը:
Վերջինս armspu.am-ի հետ զրույցում նշեց՝ ռազմական հոգեբանության հանդեպ վերջին տարիների վերաբերմունքը պայմանավորված է ինչպես պատերազմական, այնպես էլ խաղաղ պայմաններում զինված ուժերի կենսագործունեության արդյունավետության ապահովման գործում ռազմական հոգեբանության առանձնահահատուկ կիրառական դերով: «Ռազմական հոգեբանություն»-ն ակտիվորեն յուրացնում է գիտելիքի նոր ոլորտներ պատերազմի և մարտի, մարտական սթրես-գործոնների, զորքերի հոգեբանական կայունության, զինծառայողների մարտական և հոգեբանական պատրաստության օրինաչափությունների, մարտական գործողությունների մասնակիցների հոգեբանական աջակցության և վերականգնման (ռեաբիլիտացիայի) տեխնոլոգիաների, հավատի և սնահավատությունների, հակառակորդի հետ տեղեկատվական հոգեբանական հակամարտության մեթոդների մասին»:
Ռազմական հոգեբանը վստահեցրեց՝ գիտաժողովը գործնական ևս մեկ քայլ էր ոլորտի գիտական հետազոտությունների արդյունքները ՀՀ զինված ուժերում ներդնելու և ռազմական հոգեբանի ինստիտուտի զարգացման ուղղությամբ:
Ի դեպ, Մանկավարժական համալսարանի ներկայացուցիչները գիտաժողովի ընթացքում հանդես եկան նաև կոնկրետ գործնական առաջարկություններով, որոնք կարևորվեցին նաև Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից. գիտաժողովի անդամներին հանձնարարվեց կազմել միջոցառումների ծրագիր և աշխատանքները տեղափոխել առավել գործնական
փուլ: