Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի հանդիպումները ավագ դպրոցի աշակերտների հետ շարունակվում են. օրերս ֆակուլտետի հերթական հյուրերը

«Երևակ»կրթահամալիրի ավագ դպրոցի սաներն էին:
Երևակցիների հանդիպումը ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ռուզաննա Պետրոսյանի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ անցավ ջերմ մթնոլորտում:
Աշակերտները ծանոթացան համալսարանի կառուցվածքին, գործող ֆակուլտետներին, ապա այցելեցին վերոնշյալ ֆակուլտետի ամբիոններ, ուր ամբիոնների վարիչների և դասախոսների միջոցով տեղեկացան ամբիոնների գործունեությանը, կատարած աշխատանքներին և ապագա ծրագրերին:
Վերջիններս եղան նաև համալսարանի թանգարանում, ծանոթացան բուհի պատմությանը, թանգարանի հուշամատյանում գրառելով իրենց տպավորությունները:
Շրջայցին հաջորդած բովանդակալից զրույցի ընթացքում աշակերտները հանդես եկան իրենց հետաքրքրող հարցադրումներով. քննարկվեցին ավագ դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը վերաբերող մի շարք խնդիրներ:
Հանդիպման ավարտին Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմն առաջարկեց աշակերտներին հետաքրքրող և նրանց կողմից ընտրված թեմայի շուրջ առաջիկայում անցկացնել դասախոսություն-քննարկում: