Ամռան առաջին օրը բազմաթիվ երկրներում նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Մանկավարժական համալսարանն այս տարի ևս օրվա առթիվ կազմակերպված
.jpg)
տարաբնույթ տոնական միջոցառումներով շնորհավորեց երեխաներին:
Կուլտուրայի ֆակուլտետի Մասսայական հանդիսությունների ռեժիսուրա բաժնի 3-րդ կուրսի ուսանողները, կուրսղեկ Սամվել Միքայելյանի և Ուսանողական խորհրդի գլխավորությամբ, այցելեցին ՀՀ ԿԳ նախարարության Երևանի թիվ 11 Հատուկ (օժանդակ) դպրոց:
Թումանյանի հեքիաթների հիման վրա բեմադրված <<Ձախորդ Փանոսը, Անբան Հուռին և ուրիշները>> ներկայացումը տոնական բարձր տրամադրություն հաղորդեց դպրոցի սաներին.վերջիններս անմասն չմնացին նաև մանկական ուրախ երգ ու պարից:
Դոցենտ Սամվել Միքայելյանն ուրախ է՝ ուսանողների մոտ արդենիսկ ձևավորված մարդասիրական նկրտումներն ու մասնագիտական հմտությունները օրը տոնական դարձրին նաև կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներին համար:
.jpg)
Հուռիի մոր՝ Գյուլնար նանի դերակատար, ուսանողուհի Անահիտ Դարբինյանը խոստովանում է՝ հուզմունքը չափազանց մեծ էր, սակայն առավել մեծ էր մանուկներին ուրախացնելու, նրանց անմոռանալի օր պարգևելու ձգտումը:
Ապագա ռեժիսորի ցանկությունը նույնն է, ինչ բոլորինը՝ առողջ, ուրախ ու անհոգ մանկություն աշխարհի բոլոր մանուկներին:
Երևանի թիվ 11 Հատուկ (օժանդակ) դպրոցի տնօրեն Խաչիկ Մուրադյանը, շնորհակալություն հայտնելով աբովյանականներին բարի կամք դրսևորելու, երեխաներին ժպիտ պարգևելու համար, խոստովանեց՝ նման այցելությունները դպրոց հաճախակի չեն, սակայն միշտ սպասված են:
Հիշեցնենք, որ Երեխաների պաշտպանության միջազգային օրը ամենահին տոներից է: Այն սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: Հայաստանում հունիսի 1-ը նշում են դեռ խորհրդային տարիներից: