ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ֆակուլտետների Ուսանողական խորհուրդների կիսամյակային հաշվետվությունը
05.06.2013
Այսօր Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհուրդները կենտրոնական ՈւԽ-ին ներկայացրին 2012-2013 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում կատարած աշխատանքների հաշվետվությունը:
Բուհի 10 ֆակուլտետների Ուսանողական խորհուրդների նախագահներն ու 9 հանձնաժողովները փաստաթղթային տարբերակով և պատկերային ներկայացումների միջոցով անդրադարձան 1-ին կիսամյակի գործունեությանը՝ հավաստիացնելով, որ ամեն ինչ արել են ուսանողների շահերը պաշտպանելու, նրանց կրթական մակարդակը բարձրացնելու և ազատ ժամանակն առավել բովանդակալից դարձնելու համար:
Ինտելեկտուալ խաղեր, բանավեճեր, թրեյնինգներ, գիտաժողովներ, բաց դասախոսություններ, գիտագործնական սեմինարներ, ազգային հերոսների և հոգևորականների հետ հանդիպումներ, շրջայցեր մարզային և մայրաքաղաքային դպրոցներում, զորամասերում, այցելություններ պատմամշակութային կենտրոններ.սա Մանկավարժական համալսարանի յուրաքանչյուր ուսանողի առօրյան է, որը նախաձեռնել և հաջողությամբ իրականացրել են ֆակուլտետների Ուսանողական խորհուրդներն ու հանձնաժողովները:
Հաշվետվության ընթացքում ֆակուլտետների ՈւԽ նախագահներն անդրադարձան նաև այն խնդիրներին ու բացթողումներին, որոնք խոչընդոտել են իրականացնել նախապես ծրագրված որոշ միջոցառումներ:
Ուսանողական խորհրդի նախագահ Ներսիկ Մարգարյանն ի պաշտոնե առաջին անգամ է լսում և գնահատում ՈւԽ-ների աշխատանքը, սակայն նկատում է՝ չնայած որոշակի թերացումների, Ուսանողական խորհուրդները լավ են կատարել իրենց առջև դրված խնդիրները: Անդրադառնալով հետագա անելիքներին՝ Ներսիկ Մարգարյանը ՈւԽ-ներին և հանձնաժողովներին հանձնարարեց ընդլայնել գործունեության ոլորտները և հանդես գալ նոր առաջարկներով՝ նորովի պատասխանելով «Ի՞նչ է ուզում ուսանողը» հարցին: