Մանկավարժական համալսարանի Ուսանողական խորհրդի Ինտելեկտուալ հանձնաժողովը ուսումնական տարվա ավարտին հանդես եկավ տարեվերջյան ինտելեկտուալ

նախաձեռնությամբ:
Դեռևս ամիսներ առաջ անցկացված միջֆակուլտետային ինտելեկտուալ խաղում հաղթած 10 ֆակուլտետների «ամենաինտելեկտուալ»-ներն այսօր կազմակերպված անհատական խաղի արդյունքում պայքարում էին բուհի «ամենաինտելեկտուալ ուսանող» կոչմանն արժանանալու համար:
Ամենատարբեր ոլորտներն ընդգրկող և 3 փուլով անցկացվող ինտելեկտուալ խաղն ընթացավ թեժ մրցապայքարում: Առաջին փուլի ընթացքում մասնակիցներին տրվեց 20 հարց. առավելագույն միավորներով հաջորդ փուլ անցավ 7 ուսանող:
2-րդ փուլն ամփոփելուց հետո ամենաբարձր միավորներ հավաքած 4 ուսանող իրենց պայքարը շարունակեցին եզրափակչում, որտեղ գերակշռում էին տրամաբանական, պատմաճանաչողական, մշակութային հարցեր:
.jpg)
Խաղի արդյունքներն ամփոփելուց հետո հայտարարվեց ՀՊՄՀ 2012-2013 ուսումնական տարվա «ամենաինտելեկտուալ ուսանող»-ի անունը: Առաջին անգամ կազմակերպվող մրցույթում ամենաբարձր` 130 միավորով, հաղթող ճանաչվեց խաղի ողջ ընթացքում իր պատասխաններով և ակտիվությամբ աչքի ընկած Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողուհի Ռուզան Անանյանը:
Վերջինս խոստովանեց` հաղթելու ձգտումը ոչ այնքան սեփական անձը, որքան ֆակուլտետի անունը ևս մեկ անգամ պատվով ներկայացնելու համար էր: Ապագա արվեստաբանը, բարձր գնահատելով մրցակիցների ինտելեկտուալ կարողություններնն ու կարևորելով նման խաղերի անցկացումը, հավելեց.« Մեր օրերում չափազանց կարևոր է, որ գործող ուսանողական կառույցները` ի դեմս Ուսանողական խորհրդի, նպաստեն սովորողների ինտելեկտուալ մակարդակը բարձրացնելուն, մտավոր կարողությունները զարգացնելուն և ուսանողներին համախմբելուն»:
Խաղի ավատին «ամենաինտելեկտուալ ուսանող»-ն արժանացավ պատվոգրի և մրցանակի, իսկ ՈւԽ Ինտելեկտուալ հանձնաժողովի աշխատանքներում ակտիվ գործունեություն ծավալած ուսանողներին Ուսանողական խորհրդի նախագահը արժանացրեց շնորհակալագրերի: