Այսօր Մանկավարժական համալսարանում կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ` նվիրված Դեֆեկտոլոգիայի ամբիոնի հիմնադիր, արատաբան-մանկավարժ Արսեն Մինասյանի ծննդյան 100-ամյակին:
Այդ առթիվ բուհում հյուրընկալվել էին պրոֆեսոր Մինասյանի դուստրը, թոռները, անվանակից ծոռը, գործընկերներն ու Հատուկ կրթության ֆակուլտետի ուսանողները:
Միջոցառումը մեկնարկեց բուհի թանգարանում. «Մի նամակի պատմություն» խորագրով ցուցադրությանը ներկայացված էին հատուկ մանկավարժի կյանքն ու գործունեությունն ամփոփող անձնական իրեր, ձեռագիր նամակներ, լուսանկարներ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակցության շքանշաններ, մեդալնել, ուսադիրներ:
Հուշ-ցերեկույթի ընթացքում հյուրերը եղան նաև Համալսարանի Հումանիտար գրականության ընթերցասրահում, որտեղ ներկայացած էր Արսեն Մինասյանի հեղինակած մասնագիտական գրականություն:
Ոլորտի նվիրյալ, հմուտ մասնագետ, հումանիստ և պարզապես լավ մարդ. ծանր մանկություն և պատանեկություն ունեցած պրոֆեսորի կյանքի տարբեր, հետաքրքիր դրվագներ ներկայացնելով` հյուրերն ակամայից բնորոշեցին պրոֆեսորին:

Հանդիպման ընթացքում տեսազանգի միջոցով ներկաները հաղորդակցվեցին նաև Նովոսիբիրսկի պետական մանկավարժական համալսարանի մանկության ինստիտուտի պրոֆեսոր, ՀՊՄՀ դեֆեկտոլոգիայի նախկին ամբիոնի վարիչ Հովհաննես Աղավելյանի հետ: Վերջինս վստահ է` հատուկ մանկավարժության ոլորտը Հայաստանում աղավաղված կլիներ և չէր կայանա, եթե չլիներ Արսեն Մինասյանը:
Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմենուհի Ավագյանը, թանգարանի կազմակերպած ձեռնարկը համարեց կրթադաստիարակչական.«Մարդն ապրում է այնքան,որքան ժամանակ նրան հիշում են. Արսեն Մինասյանը հատուկ մանկավարժության ոլորտի հիմնադիրն է. նրան մոռանալն աններելի կլիներ սերունդների, մասնավորապես, ֆակուլտետի համար, որի սաղմը դրվել է նրա կողմից»:
Հիշեցնենք, որ մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Արսեն Մինասյանը 1939 թվականին ավարտել է ՀՊՄՀ-ի մանկավարժության ֆակուլտետը: 1973-1983 թվականներին եղել է ՀՊՄՀ մանկավարժության և տարրական ուսուցման մեթոդիկաների ամբիոնի վարիչ,1983-92 թվականներին արատաբանության ամբիոնոի հիմնադիր-վարիչ:
Պարգևատրվել է Խորհրդային մեկ տասնյակից ավելի մարտական և հոբելյանական մեդալներով, ՀԽՍՀ լուսավորության նախարարության «Խաչատուր Աբովյան» մեդալով, «Կրթության գերազանցիկ» կրծքանշանով:





