ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Ռուբեն Միրզախանյան. «Արտաշես Կարապետյանը Լուսավորիչն է հայ ազգային պարի»
13.06.2013
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նշվեց ՀՀ վաստակավոր արտիստ, ավագ դասախոս Արտաշես Կարապետյանի ծննդյան 85 և աշխատանքային գործունեության 70-ամյակը:
«Հայ պարարվեստի մերօրյա նահապետ». Արտաշես Կարապետյանին այսպես էին բնորոշում նրա սաները, գործընկերներ, նրա՝ բանահավաք և մանակավարժական գործունեությունը բարձր գնահատող արվեստասեր մարդիկ:
Մինչ համերգային մասին անցնելը, պարուսույցին իրենց շնորհավորանքներն ու պարգևները հանձնեցին ՀՀ Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների ներկայացուցիչները:
Պարագետին շնորհավորեց նաև Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը: Վերջինս պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների շնորհավորանքները փոխանցեց 2 հոբելյանների կապակցությամբ և նրան շնորհեց համալսարանի բարձրագույն պարգև՝ «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալ: Ռեկտորն ընդգծեց, որ հանձինս Արտաշես Կարապետյանի՝ բուհի բարձրագույն պարգևին արժանանում են միայն անվանի և վաստակավոր մանկավարժները. «Մեծ Լուսավորչի անունը կրող մեդալը Ձեզ հանձնելը իր մեջ մեծ խորհուրդ ունի. Դուք հայ ազգային պարի Լուսավորիչն եք »:
Պարարվեստի մանկավարժության ամբիոնի վարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Գևորգյանը շնորհավորանքի իր խոսքում դժվարացավ բառերով ամփոփել Արտաշես Կարապետյանի ավանդն ու վաստակը հայ պարարվեստի զարգացման գործում, սակայն ընդգծեց՝ նա դարերի ընթացքում ծնված այն նվիրյալներից է, ով կարողացել է հավաքել, պահպանել և մինչև մեր օրերը փոխանցել հայ ոսկեղենիկ պարերի հնագույն մասունքները. «Արտաշես Կարապետյանի համար ազգագրական պարերը անսպառ շտեմարան են եղել, որի ակունքներից նա օգտվել է պահանջկոտ արվեստագետի նախանձախնդրությամբ: Նրա բեմադրություններում իշխում են ազգային մտածողությունն ու գիտակցությունը, որն այսօր ամբողջ աշխարհում տարածում են նրա լուսեղեն ջահակիրները՝ տարբեր տարիների նրա սաները»:
Կարեն Գևորգյանը պարասեր ողջ հասարակության անունից վստահեցրեց՝ Արտաշես Կարապետյան անուն-ազգանունը ոսկե տառերով է ամրագրված հայ պարարվեստի պատմության էջերում, որի վկայությունը հանդիսատեսի հոտնկայս և երկարատև ծափահարություններն էին:
Վաստակավոր արտիստին գեղարվեստական կատարումներով շնորհավորելու էին եկել «Մարաթուկ» երգի-պարի ազգագրական համույթը, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը, Ազգային նվագարանների պետական նվագախումբը, Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը, «Բերդ» պարային համույթը, կրտսեր Ջիվան Գասպարյանը, երգիչ-երգչուհիներ՝ Ռուբեն Մաթևոսյանը, Ալեքսանդր Պողոսյանը, Նունե Եսայանը, Լաուրա Մամյանը, ինչպես նաև ժամանակակից պարերի բազմաթիվ խմբեր և պարուսույցի՝ տարբեր երկրներում ապրող և ստեղծագործող սաներ: