ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մրցում են պատանի քիմիկոսները
13.06.2013
Այսօր Մանկավարժական համալսարանում անցկացվեց «Պատանի քիմիկոսների համահայկական չորրոդ մրցաշար»-ի քառորդ եզրափակիչը:
Միջազգային հայտնի և սիրված մրցույթին այս տարի մասնակցում էին 18 թիմեր. 8` Երևանից, 3 –ը` Գյումրիից, 2-ը` Վանաձորից, մեկական թիմեր Դիլիջանից, Արարատից, Ծաղկունքից, Հրազդանից, Վաղարշապատից և Վարդենիսից:
Ինտերակտիվ խաղի սկզբունքով անցկացվող մրցույթի ընթացքում քառորդ եզրափակիչ փուլ անցած 9-12-րդ դասարանների աշակերտները լուծեցին քիմիական խնդիրներ, այդ թվում`տեսանյութի տեսքով:
Այս տարի ևս ժյուրիի նախագահն էր Երևանի պետական համալսարանի անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Խաչատրյանը: Ժյուրիի կազմում ներգրավված էին նաև ՀՊՄՀ-ի,ԵՊՀ-ի և ԵՊԲՀ-ի դասախոսները:
Պրոֆեսոր Համբարձում Խաչատրյանը armspu.am-ի հետ զրույցում նշեց. «Թիմային մրցույթի ձևաչափով անցկացվող մրցաշարն իր սկզբունքով տարբերվում է ավանդական առարկայական օլիմպիադաներից.այն նախատեսված չէ միմյանց հետ մրցող գերօժտված անհատների համար, իսկ հարցերին կարելի է ծանոթանալ նախապես»:
Ժյուրիի նախագահն անկեղծացավ` մրցաշարի գլխավոր նպատակը քիմիական արդյունաբերություն չունեցող երկրում քիմիա առարկայի նկատմամբ երիտասարդ սերնդի հետաքրքրության բարձրացումն է:
Այն, որ մրցաշարը կարող է նպաստել թիմիային ոգու զարգացմանն ու բնագավառի առաջընթացին, համոզված է նաև ծրագրի համակարգող, ՀՊՄՀ Քիմիայի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս Նինա Հոբոսյանը:
Վերջինս փաստում է` երբեմնի վարկանիշային առարկան մեզանում զիջում է իր դիրքերը, սակայն ամեն ինչ արվում է քեմոֆիլ տրամադրության ստեղծման և առարկան վարկանիշային դարձնելու համար: Այդ մասին է վկայում նաև մասնակից թիմերի` տարեցտարի ընդլայնվող աշխարհագրությունը:
Նինա Հոբոսյանն ուրախ է` ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մրցույթն անցկացվեց Մանկավարժական համալսարանի երիտասարդ դասախոսների և շրջանավարտների մեթոդական անմիջական աջակցությամբ:
«Պատանի քիմիկոսների համահայկական չորրոդ մրցաշար»-ի քառորդ եզրափակչի ավարտից հետո ստուգող հանձնաժողովը տեղում հրապարակեց կիսաեզրափակիչ փուլ անցած 10 թիմերի անունները. Գյումրու «Աբրոասիա», «Ռուբին», «Ֆուրոն», Հրազդանի «Պրոտոն», Երևանի «Շիրակացի», «Բնագետ», «Գիտունիկներ», Վանաձորի «Էվրիկա», Վաղարշապատի «Ալմաստ», Վարդենիսի «Օզոն»:
Հիշեցնենք, որ արդեն չորրոդ տարին է, ինչ «Այբ» կրթական հիմնադրամը, ձգտելով հայ աշակերտներին ներգրավել միջազգային հայտնի ու սիրված դպրոցական մրցույթներում, կազմակերպում է «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար» մրցույթը:
Նախաձեռնության գաղափարը և մրցույթի անցկացման տեխնոլոգիան փոխառնված են երկար տարիներ հաջողությամբ անցկացվող «Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցաշար»-ից:
Այն բաղկացած է 3 փուլերից. կիսաեզրափակիչ անցած թիմերը կհանդիպեն հոկտեմբերին: