Այսօր Մանկավարժական համալսարանում հյուրընկալվել էին Եվրոպական միության՝ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի տնօրեն Վըրժինի Արտոն և ծրագրի

պատասխանատու Իննա Մորինոն:
ՀՊՄՀ Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանի և «Վերաինտեգրացիայի կենտրոն-Հայաստան» (RECEA) ծրագրի համակարգող, Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանի հետ հանդիպման ընթացքում հյուրերը քննարկեցին բուհի հետ համագործակցության ուղղությունները, դրույթները, ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ ծրագիրը սեպտեմբերին մեկնարկելու նպատակով:
Հանդիպման ընթացքում «Վերաինտեգրացիայի կենտրոն-Հայաստան» (RECEA) ծրագրի համակարգող Մելանյա Աստվածատրյանը ծրագրի ներկայացուցիչներին ներկայացրեց նախաձեռնության իրականացման, մայրենի, ինչպես նաև օտար լեզուների դասընթացների անցկացման ձևերը, օտարերկրացիների՝ հասարակության ինտեգրմանը նպաստող պատմաճանաչողական և մշակութային միջոցառումների կարևորությունն ու Գերմանիայի, Ռուսաստանի, Բելառուսի հետ ունեցած համագործակցության փորձը:
Պրոռեկտոր Արա Երեմյանը վստահեցրեց, որ բուհն ունի անհրաժեշտ բոլոր ռեսուրսները Հայաստան վերադարձողների համար լեզվական դասընթացներ կազմակերպելու և հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար:

Նշենք, որ Եվրամիության ֆինանսավորմամբ և 3 տարի ժամկետով իրականացվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրը նպատակ ունի աջակցել արժանապատիվ կայուն վերադարձի և վերաինտեգրման գործընթացին, կամավոր կամ իրենց կամքին հակառակ հայ ազգի ներկայացուցիչների սոցիալական և տնտեսական վերաինտեգրմանը, դյուրացնել օրինական միգրացիայի հնարավորություններն ու ամրապնդել միգրացիայի դրական ազդեցությունը Հայաստանի սոցիալական զարգացման վրա:
«Վերաինտեգրացիայի կենտրոն-Հայաստան» (RECEA) ծրագիրը AWO Heimtgarten բարեգործական կազմակերպության նախաձեռնությունն է և գործում է Մանկավարժական համալսարանի հենքի վրա:
Ծրագրի գլխավոր խնդիրն է Հայաստանի մայրաքաղաք Երևանում ստեղծել ադապտացման կենտրոն (Heimtgarten Adaptation Centre Yerevan HAY), որը ենթադրում է հայրենիքում վերահարմարման փուլում բազմակողմանի աջակցություն և օգնություն ցուցաբերել հայրենադարձ ընտանիքներին, հատկապես երեխաներին:
Այդ օգնությունը ներառում է սոցիալական հարցերով խորհրդատվություն, լեզվական դասընթացների կազմակերպում և հոգեբանական աջակցություն: