Մանկավարժական համալսարանում կայացավ գիտնական Սուրեն Խուդոյանի 100-ամյակին նվիրված «Հայ մանկավարժության պատմության և դպրոցի հիմնախնդիրները» թեմայով միջբուհական գիտաժողովը:
Գիտաժողովը մեկնարկեց հայ մանկավարժության և դպրոցի պատմության հետազոտողներից Սուրեն Խուդոյանին նվիրված ցուցադրությամբ. բուհի թանգարանում ներկայացված էին նրա անցած ուղին փաստող նյութեր՝ դիպլմոներ, շքանշաններ, հավաստագրեր, հեղինակած մեթոդական ձեռնարկներ, արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ:
Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, կարևորելով նման ձեռնարկների անցկացումը բուհում,նշեց. «Սուրեն Խուդոյանի հսկայական ներդրումը հայ մանկավարժության զարգացման գործում անգնահատելի է. այս գիտաժողովը ևս մեկ անգամ արժևորում է նրա անցած կյանքն ու ստեղծագործական հարուստ ուղին: Մենք, լինելով ՀՀ-ում մանկավարժական կրթություն իրականացնող խոշորագույն ուսումնական հաստատություններից մեկը, պետք է շարունակենք և խթանենք «մանկավարժություն» գիտության անհրաժեշտ զարգացմանը, որը կհամապատասխանի ներկա ժամանակներին»:
Բուհի ռեկտորը կարևորեց անցած ժամանակաշրջանի գիտնականների արժանի գնահատումն ու պատահականություն չհամարեց, որ գիտաժողովը մեկնարկել է մի վայրում, ուր ամփոփված են տարբեր տարիների կատարված աշխատանքները:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին նաև գիտաժողովի նախագահ, Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանն ու Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը:
Վերջինս հույս հայտնեց, որ գիտաժողովը կնպաստի մանկավարժական մտքի պատմության զարգացմանն ու նախադեպ կհանդիսանա ոլորտի մյուս երախտավորներին ևս գնահատելու համար:
Գիտնականի որդին` ՀՊՄՀ Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Սամվել Խուդոյանը, ներկայացնելով շուրջ 350 աշխատությունների հեղինակին, խոսելով դրանց գիտական կարևորությունների մասին,նշեց.«Ըստ էության, մենք հենց Սուրեն Խուդոյանին ենք պարտական, որ այսօր տեղեկատվություն ունենք 19-20-րդ դարերում Արևելյան Հայաստանի և գաղթօջախների հայկական դպրոցների պատմության մասին: Հենց նրա շնորհիվ են փրկվել հազարավոր հայկական դպրոցներ, որոնցից շատերը գործել են այսօր Ադրբեջան կոչվող պետության տարածքում: Դրանց վերաբերյալ տեղեկատվությունը մեզ է հասել ոչ միայն պատմագիտական աշխատության, այլև արխիվային փաստաթղթերի, ֆոտոպատճենների տեսքով»:
Սամվել Խուդոյանը մեծ ուրախությամբ նշեց` այդ նյութերն այսուհետ տեղ կգտնեն համալսարանի գրադարանում:
Սուրեն Խուդոյանի կրթության և մանկավարժության ուղուն անդրադարձան նաեւ մանկավարժական գիտությունների դոկտոր Ջուլիետա Գյուլամիրյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Ասյա Գրիգորյանը:
Վերջինս ընդգծեց.«Առանձնակի ուշադրության են արժանի Սուրեն Խուդոյանի մտորումները հայ մեծ Լուսավորիչ և մանկավարժ Խաչատուր Աբովյանի մասին: Նրա մանկավարժական աշխարհայացքի մեջ նկատվում են աբովյանական ազդեցություններ, մոտեցումներ, հայացքներ ու վերլուծություններ»:
Աբովյանագետը նկատեց` գիտնականն առանձնակի կարևորել է կրթության և դաստիարակության գործընթացն անմիջապես դպրոցում, այն նույնքան հրատապ և հրամայական համարելով, որքան Աբովյանի ժամանակ:
Գիտաժողովի ընթացքում ՀՊՄՀ-ի, ԵՊՀ-ի, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի առաջատար մասնագետներն իրենց զեկույցներում անդրադարձան դպրոցի արդի հիմնախնդիրներին:
Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Ասատրյանը խոսեց մանկավարժական կրթության վերջնարդյունքի կարևոր պայմանի`կոմպետենցիաների ձևավորման մասին:
.jpg)
Վերջինս վստահ է` մերօրյա շրջանավարտը պետք է պատրաստ լինի նորամուծություններին, իսկ ուսումնական հաստատությունների կարևորագույն խնդիրը պետք է լինի շրջանավարտների պատրաստվածության մակարդակի բարձրացումը:
«Բարձրագույն մանկավարժական կրթության հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» թեմայով զեկույցում մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Պետրոյանը կարևորեց մանկավարժական բարձրագույն կրթության ակտիվ բարեփոխումների անհրաժեշտությունն ու բարձրագույն կրթության ոլորտում մագիստրոսական մակարդակով հանրակրթության կառավարիչների պատրաստման կրթական ծրագրի ներդրումը:
Պրոֆեսորը վստահ է` կրթական ծրագրում մանկավարժական և կառավարման ուղղվածությամբ բաղադրիչների առկայությունը հնարավորություն կտա շրջանավարտներին օժտել ինչպես մանկավարժական,այնպես էլ կառավարման կոմպետենտություններով:
Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին նաև մանկավարժագիտությունը դաստիարակությամբ փոխարինելու հիմնախնդրի, դպրոցական հաղորդակցական ակտիվության խթանման ու զարգացման հնարավորությունների, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի`որպես առողջ սերնդի առոջղության պահպանման մարտահրավերի, հայ մանկավարժական մտքի`որպես ընտանեկան դաստիարակության, մարզականացված ֆիզիկական դաստիարակության ներգործության առանձնահատկությունների, կարդալու հմտության տիրապետման` որպես ուսումնառության արդյունավետության գործոնի, ուսումնական գործընթացում ներշնչանքի կիրառման հոգեբանական ազդեցությունների մասին:

Գիտաժողովի ավարտին տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում անդրադարձ եղավ ներկայիս մանկավարժության հարցերին և զարգացման հեռանկարներին. ամփոփվեցին գիտաժողովի արդյունքները:
Հիշեցնենք, որ Սուրեն Խուդոյանը մեծ ներդրում է ունեցել նաև գիտության կազմակերպման ոլորտում` շուրջ 20 տարի ղեկավարելով Հայաստանի մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտը, զբաղեցրել է բարձր պաշտոններ մանկավարժության և կրթության կազմակերպման ոլորտներում:
Արժանացել է «Վաստակավոր ուսուցիչ» կոչման, ինչպես նաև բազմաթիվ պետական պարգևների, շքանշանների, մեդալների ու պատվոգրերի, այդ թվում` Խորհրդային շրջանի աշխատանքային ամենաբարձր պարգևներից մեկին` աշխատանքային «Կարմիր դրոշ» շքանշանի: