Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ավարտական վկայականների հանձնման արարողությունը:

Այստեղ արդեն ավանդական դարձած այս տոնին բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակ համակարգում ավարտած ուսանողները հանդիսավոր արարողությամբ ստացան իրենց դիպլոմները:
Համալսարանի բոլոր ֆակուլտետներում տոնական մթնոլորտ էր: Կրթության հոգեբանության և սոցոլոգիայի ֆակուլտետի 317 շրջանավարտ ստացավ ավարտական դիպլոմ: Նրանից 80-ը` մագիստրոսի: 44 շրջանավարտ ստացավ գերազանցության դիպլոմ: Հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ օրհներգով, որից հետո ֆակուլտետի շրջանավարտներին ողջունեց Կրթության հոգեբանության և սոցոլոգիայի ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուզաննա Պետրոսյանը: Բաղձալի և միևնույն ժամանակ տխրություն պարունակող այդ պահն ազդարարեց ուսումնառության տրամաբանական ավարտը: «Այս պահին դուք ստանձնեցիք նոր սոցիալական կարգավիճակ, որտեղ ձեր անհատականության և ձեռք բերած գիտելիքների շնորհիվ կատարելու եք ի վերուստ տրված ձեր առաքելությունը` լինել միշտ մարդկանց հետ և մարդկանց կողքին, օգնել նրանց և կարեկցել, ապրումակցել և ամոքել, որն էլ մարդ լինելու գրավականն է, ինչն էլ ձեզ թելադրում է ձեր մասնագիտությունը, համալսարանական կրթության ընթացքում ձեռք բերած ձեր հմտություններն ու կարողությունները»,- ասաց Ռուզաննա Պետրոսյանը: Վերջինս ընդգծեց նաև, որ այսօր առավել, քան երբևէ հասարակությունն ունի այդ մասնագետների կարիքը և ապավինում է իրենց օգնությանն ու գրկաբաց սպասում նրանց: Ավարատական դիպլոմների հանձնումից հետո դեկանը Աստծո օրհնությամբ հաջողության մաղթեց շրջանավարտներին` հիշեցնելով, որ յուրաքանչյուր ավարտ մի նոր ուղու սկիզբ է, որը հագեցած պետք է լինի նոր անակնկալներով: Օրն ավելի տոնական էր դարձել ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած միջոցառումներով, որին ներկա էին նաև ավարտական որակավորման քննութունների հանձնաժողովի նախագահները, ամբիոնի վարիչներ, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողներ:

Նման հանդիսավոր, տոնական և ջերմ մթնոլորտ էր տիրում նաև Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետում: Այս տարի ֆակուլտետն ավարտեց 339 ուսանող, որից 90` մագիստրոս: Շրջանավարտներից 45-ը ստացան գերազանցության վկայականներ:
Ուսանողներին ողջունեց և շնորհավորեց ֆակուլտետի դեկան, ֆիզմաթ գիտությունների դոկտոր Գագիկ Դեմիրխանյանը: «Այս տարիների ընթացքում ստացած ձեր գիտելիքները պիտանի կլինեն հետագա ձեր գործունեության մեջ և որոշակիորեն կօգնեն ճիշտ լուծումներ գտնել ոչ միայն աշխատանքային բանգավառում, այլև` կենցաղում».-ասաց դեկանը: Վերջինս, դիմելով բակալավրիատն ավարտող ուսանողներին, խորհուրդ տվեց ամրապնդել իրենց նպատակները և կրթությունը շարունակել մագիստրատուրայում, որն իհարկե մի փոքր դժվար կլինի, սակայն շատ անգամ ավելի հետաքրքիր:
Մինչ հանդիսավոր արարողության անցնելը ուսանողներին շնորհավորեց և բարի երթ մաղթեց նաև Ինֆորմատիկայի և դրա դասավադման մեթոդիկայի ամբինի վարիչ, պրոֆեսոր Մարիամ Հարությունյանը: <Ինչ ճանապարհ էլ որ ընտրեք, հույս ունեմ, որ մենք ձեզ այնպես ենք դաստիարակել, որ դուք կլինեք մեր հանրապետության արժանավայել և ազնիվ քաղաքացիներ: Սիրեք միմյանց և եղեք բարի, իսկ մեզ` մի մոռացեք>,- ամփոփեց նա: