Հրաժեշտի տոնական տրամադրություն էր տիրում նաև Կուլտուրայի ֆակուլտետում. բակալավրիատի և մագիստրատուրայի առկա 284 և հեռակա 68 շրջանավարտներ այսօր ստացան
.jpg)
բարձրագույն կրթությունը փաստող դիպլոմներ, որոնք ազդարարում են մանկավարժների նոր սերնդի մուտքը մշակույթի տարբեր բնագավառներ:
Ֆակուլտետի դեկան Գևորգ Թադևոսյանը, ամբիոնների վարիչներն ու ավարտական քննական հանձնաժողովների նախագահները շնորհավորական իրենց ուղերձը հղեցին շրջանավարտներին՝ մաղթելով մասնագիտական վերելքներ և բեղմնավոր գործունեություն:
Դիպլոմների հանձնման արարողությանը ներկա էր նաև համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, ով շնորհավորեց և իր բարեմաղթանքները հղեց պարուսույցների, երաժշտագետների, ռեժիսորների, լրագրողների, օպերատորների, թանգարանագետների և գրադարանավարների նոր սերնդին:
«Տարիների ընթացքում Կուլտուրայի ֆակուլտետը բարեկարգվել և համալրվել է մասնագիտական անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ ուսանողների կրթական կարիքները բավարարելու և նրանց՝ ոչ միայն դասապրոցեսը, այլև առօրյան առավել գրավիչ ու հագեցած դարձնելու համար»-նշեց ռեկտորը՝ ավելացնելով, որ հնչած բոլոր բարեմաղթաներից կարևորում է համապատասխան մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն ունենալը:
.jpg)
Ֆակուլտետի դեկան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրեֆեսոր Գեւորգ Թադեւոսյանը բակալավր շրջանավարտներին կոչ արեց ուսումը շարունակել մագիստրատուրայում, իսկ մագիստրատուրայի շրջանավարտներին հորդորեց կապը ֆակուլտետի հետ չկտրել. ՙսա ավանդույթներ, պատմություն ունեցող ֆակուլտետ է, մեզանից մարդիկ չեն հեռանումՙ,-ասաց Գեւորգ Թադեւոսյանը: Հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ Արմեն Ամիրյանն էլ լրագրող շրջանավարտներին շնորհավորելով՝ նրանց արդեն դիմեց որպես լիիրավ գործընկերների:
Հրաժեշտի հուզիչ տրամադրություն էր տիրում նաև Օտար լեզվի ֆակուլտետում, որն այս տարի ունի 258 շրջանավարտ՝ 67-ը գերազանց առաջադիմությամբ:
Շրջանավարտներին շնորհավորեց ֆակուլտետի դեկան Տիգրան Միքայելյանը, ում համար այսօրը առավել քան խորհրդանշական էր. իր պաշտոնավարման ընթացքում նա շրջանավարտների առաջին սերունդն է ճանապարհում: Բացառապես աղջիկներով համալրված ավարտական կուրսերին դեկանը նախևառաջ ընտանեկան երջանկության բերկրանք մաղթեց՝ հուսալով բուհում ստացած գիտելիքներն ու աշխարհընկալումները դրականորեն կիրառել ընտանիքի կայացման գործում:
Անդրադառնալով մասնագիտական հաջողություններին՝ Տիգրան Միքայելյանը հույս հայտնեց, որ ի դեմս այս տարվաշրջանավարտների՝ ոլորտը կհամալրվի ներկայիս պահանջարկին համապատասխան մասնագետների նոր սերնդով: «Կեցության և մտածողության սկզբունքները, գործողությունների ընթացքը հասարակությանը թելադրելու համար նախևառաջ համալսարանական կրթություն ստանալու գիտակցություն է պետք»,-նշեց դեկանը և ավելացրեց,- մասնագիտությունը հնարավորություն է տալիս աշխատել տարաբնույթ ոլորտներում, սակայն հավատարիմ մնացեք ձեր մասնագիտությանը՝ առավել մոտ կանգնելով դպրոցին,մանկավարժությանը»: