ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Տոն, որ միշտ մեզ հետ է
24.06.2013
Մանկավարժական համալսարանի 10 ֆակուլտետում այս տարի ևս մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձման արարողությունը:
Ֆակուլտետներից յուրաքանչյուրը իրեն բնորոշ կոլորիտով էր փորձել անմոռաց դարձնել մանկավարժ-շրջանավարտների օրը:
Այսօր ավարտական դիպլոմներ ստացան Պատմության և իրավագիտության ֆակուլտետի 223 շրջանավարտ:
Նախքան դիպլոմների հանձման արարողակարգին անցնելը` հնչեցին Հայաստանի Հանրապետության պետական և Մանկավարժական համալսարանի օրհներգերը:
Բուհի ռեկտոր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը, շնորհավորելով բուհն ավարտող ուսանողներին, ուրախությամբ ընդգծեց.«Օբյեկտիվ և խստապահանջ ավարտական քննությունների ընթացքը պատվաբեր ավարտ ունեցավ բոլորիս համար: Մագիստրոսներին մաղթում եմ մասնագիտական նվաճումներ և հույս ունեմ` բակալավրիատի ուսանողներին տեսնել մագիստրոսի կարգավիճակում»:
Իրավագիտություն և մանկավարժություն մասնագիտության ամփոփիչ ատեստավորման քննական հանձնաժողովի նախագահ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյան ցանկացավ, որպեսզի ավարտական դիպլոմները լինեն ուղենիշ և հետագա հաջողությունների կարևոր նախապայման:
Պատմություն մասնագիտությամբ ամփոփոիչ ատեստավորման քննական հանձնաժողովի նախագահ, ՀՀ Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը շնորհակալություն հայտնեց բոլոր շրջանավարտներին`ընդգծելով`նրանց մեջ կային բացառիկ ընդունակություններով օժտված երիտասարդներ, որոնք արժանի են նույնիսկ ծափահարությունների:
Պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ՝ ամբիոնների վարիչների հետ խորհրդակցության արդյունքում ընտրվել էին 2012-13 ուսումնական տարվա լավագույն շրջանավարտները առկա եւ հեռակա բոլոր հոսքերի գծով՝ 6 ուսանող: Նրանց ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գեւորգյանը հանձնեց ՙԼավագույն շրջանավարտ՚-ի հավաստագիր եւ Բուհի 90 ամյակի առիթով տպագրված հոբելյանական ալբոմը:
Ի դեպ,Պատմության և իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների համար պատրաստվել էր խորհրդանշական հյուրասիրություն:
Սկզբնական կրթության ֆակուլտետում տոնական բարձր տրամադրություն էր տիրում դեռ վաղ առավոտից. ֆակուլտետի երգչախուբն ու համալսարանում հյուրընկալած Երևանի № 5 մանկավապարտեզի նախադպրոցական խմբի սաները օրվա տրամադրությանը բնորոշ կատարումներով շնորհավորեցին և հաջողություն մաղթեցին դասվարներին:
Բակալավրիատի և մագիստրատուրայի 338 շրջանավարտ, 35 կարմիր դիպլոմ. Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, ամփոփելով շրջանավարտների թիվն ու առաջադիմությունը, հորդորեց լինել առաջատար և բարձրակարգ մասնագետներ. դա է պարտադրում երեխաների հետ աշխատանքը:
Դեկանը հույս հայտնեց, որ բակալավրիատն ավարտած շրջանավարտներին կտեսնի նաև մագիստրատուրայում`վստահեցնելով` կրթական երկրորդ մակարդակում նրանց սպասվում էընտրողական, գրավիչ ու հագեցած դասապրոցես:
Սեր երեխաների հանդեպ, ակտիվ քաղաքացու դիրքորոշում, գիտելիքների հարուստ պաշար. Մաթեմատիկայի և տարրական ուսուցման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Հայկունի Հարությունյանը մաթեմատիկոսին բնորոշ ձեւով սահմանում է բարձրակարգ մասնագետ դառնալու բանաձևը:
Վերջինս համոզված է` ապագա սերնդի գիտելիքների պաշարի ձևավորման գործում ամենամեծ պատասխանատուն հենց Սկզբնական կրթության ֆակուլտետի շրջանավարտն է:
Տոնական մթնոլորտում իրենց դիպլոմներն ստացան նաև Հատուկ կրթության ֆակուլտետի 234 ուսանողներ` 33-ը գերազանցության:
Ֆակուլտետի շրջանավարտներին շնորհավորեցին ամփոփիչ ատեստավորման քննությունների հանձնաժողովի նախագահը, դեկանն ու ամբիոնի վարիչները:
Ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը նշեց` շրջանավարտներն այսօր գրավել են իրենց կյանքի կարևոր բարձունքներից մեկը. դիպլոմը վկայությունն է ստացած գիտելիքների և հավաստիքը՝ լավ մասնագետ լինելու: Հատուկ մանկավարժը նկատեց` ինքնակրթությունը, գիտելիքների պաշարի թարմացումը հնարավորություն կտան քայլել ժամանակին համընթաց և բավարարել մասնագիտական պահանջները. դրան կնպաստի նաև բուհի բարեփոխված մագիստրատուրան:

Շրջանավարտներին ավարտական դիպլոմներ հանձնեց Երևանի պետական բժշկական համալսարանի Հոգեբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, հանձնաժողովի նախագահ Արմեն Մելիք-Փաշայան, ով բարձր գնահատեց ուսանողների գիտելիքներն ու ինքնուրույն մտածելու կարողությունը:
Վերջինս հատուկ մանկավարժներին հիշեցրեց` ներառական կրթության ոլորտում լավագույն մասնագետների կարիք ունենալու անհրաժեշտությունը կրկնակի է:
Նշենք, որ ուսումնառության բոլոր տարիների ընթացքում լավագույն արդյունք դրսեւորած ֆակուլտետների լավագույն շրջանավարտներն իրենց ավարտական դիպլոմները կստանան ՀՀ վարչապետ, ՀՊՄՀ Կառավարման խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանից` ժամը 19.30-ին կայանալիք տոնական միջոցառման ընթացքում:
Այս տարի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերում Մանկավարժական համալսարանն ունեցավ 3158 շրջանավարտ: