Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի նախաշեմից արդեն շրջանավարտների համար տոնական մթնոլորտն ու տրամադրությունն ապահովված էր: Այս տարի

ֆակուլտետն ավարտեց 255 ուսանող, որից 71-ը` մագիստրատուրան, իսկ 21-ը ստացան գերազանց առաջադիմությամբ վկայականներ:
Շրջանավարտներին շնորհավորեց ֆակուլտետի դեկան, քիմիկան գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Հովակիմյանը: Մաղթելով ամենայն բարիք, անձնական երջանկություն, մասնագիտական և աշխատանքային հաջողություններ` դեկան ասաց. <Այսօրը որքան ուրախալի, նույնքան էլ պատասխանատու է, քանզի ավարտելով այս համալսարանը և ստանալով ավարտական դիպլոմներ, դուք մտնում եք մեծ կյանք, որտեղ փորձության են ենթարկվելու ոչ միայն ձեր ստացած գիտելիքներն ու հմտությունները, այլև` մարդկային հատկանիշները:
Թևակոխելով կյանքի նոր շրջափուլ` նպատակներին հասնելու ճանապարհին, երբեք չզոհաբերեք ձեր պատիվն ու արժանապատվությունը, կառուցեք ազատ, անկախ ու բարեկեցիկ երկիր>:
Դեկանը հույս հայտնեց նաև, որ շրջանավարտներն այսօր բուհից հեռանում են լավ տրամադրությամբ ու տպավորություններով, գիտելիքների մեծ զինանոցով և որպես մասնագետ ինքնահաստատվելու վճռականությամբ: <Վստահ եմ, որ այսօրվա շրջանավարտների սերունդը լինելու է մեծ նվաճումներ ու առաջընթաց կերտող, իր հայրենիքի համար լավագույն ապագա կառուցող սերունդ>,- ամփոփեց Սվետլանա Հովակիմյանը, և պատահականության սկզբուքով մի քանի ուսանողների անձամբ հանձեց ավարտական վկայականները:
.jpg)
Այնուհետև շրջանավարտներին դիպլոմներ հանձնեց ֆակուլտետում ավարտական քննությունների հանձնաժողովի նախագահ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կառլեն Գրիրգորյանը: Վերջինս նշեց, որ չնայած ինքն այս համալսարանի շրջանավարտ չէ, սակայն բուհն արդեն իսկ իր համար հարազատ օջախ է դարձել, պատճառներից մեկն այն է, որ տասնյակ տարիներ առաջ հենց այս բարձրագույն ուսումնական հաստատությունն է ավարտել իր հայրը եւ մինչ օրս հպարտանում է դրանով: <Ես շատ գոհ և շնորհակալ եմ բոլորին, շատ եմ սիրում բոլոր երիտասարդներին և նրանց այդ երջանիկ հայի աչքերը: Ցանկանում եմ բոլորիդ հավիտենական երջանկություն, կառուցեք ձեր գեղեցիկ ընտանիքները և հասեք բազմաթիվ հաջողությունների>,- ասաց Կառլեն Գրիգորյանը:
Մագիստրատուրայի շրջանավարտ Հովհաննես Արիստակեսյանն էլ բոլոր շրջանավարտների անունից շնորհակալություն հայտնեց ֆակուլտետին և համալսարանին:
<Մենք բոլորս, մեր այստեղ ձեռք բերած ու կուտակած գիտելիքները վաղ թե ուշ կօգտագործենք մեր հետագա գործունեության հաջորդ քայլերում: Հիշենք, որ աշխարհը մեզ հասել է մեծ մասամբ կոտրված, և մենք ժառանգել ենք պատասխանատվություն, որպեսզի այն ավելի լավը դարձնենք: Մեր կյանքում կլինեն պահեր, երբ հնարավորություն կունենաք լինել ինչ-որ մեկի «առաջնորդը»: Շատերիս համար դա տեղի կունենա այն ժամանակ, երբ մենք ծնող կդառնանք, և բոլորիս համար դա կլինի այն ժամանակ, երբ մենք, այսպես թե այնպես, ուսուցիչ դառնանք:
Ես խնդրում եմ, որ այդժամ բոլորս վերցնենք այդ պատասխանատվությունը և իրականացնեք դա իմաստուն ձևով, քանի որ, ինչ-որ մեկը նախկինում արդեն դա արել է մեզ համար>,- իր խորհուրդներով բոլորին շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց մագիստրոս Հովհաննես Արիստակեսյանը: