ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մեկ օրում՝ 3200 դիպլոմ
25.06.2013
Մանկավարժական համալսարանում մեծ հանդիսավորությամբ տեղի ունեցավ 2012-2013 ուսումնական տարվա ավարտական դիպլոմների հանձնման պաշտոնական արարողությունը:
10 ֆակուլտետներից ուսումնառության ընթացքում լավագույն արդյունք ցուցաբերած 2 ական շրջանավարտի, ինչպես նաեւ հեռակա համակարգի երկու շրջանավարտի կարմիր դիպլոմներ հանձնեց ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Վաչե Գաբրիելյանը:
Վերջինս, Կառավարության և համալսարանի խորհրդի անունից, շնորհավորելով օրվա հերոսներին, նշեց.«Սիրելի ներկա և ապագա մանկավարժներ, սա պատմական օր է ձեզ համար. դուք ստանում եք առհավատչյան այն բանի, որ ունեք գիտելիքներ և ի զորու եքդրանք փոխանցել հաջորդ սերունդներին : Դարեր շարունակ ուսուցիչը եղել է մեր ազգի գոյատևման և հզորացման կարևորագույն երաշխիքը: Դուք կրում եք ծանր, բայց հաճելի` ուսուցչի նվիրական կոչումը. առավել դժվար գործ, քան լինել ուսուցիչ, կրթել ապագա սերունդներին, դժվար է պատկերացնել: Շրջանավարտներդ այլևս պատրաստ եք մեր` ազատ, անկախ Հայաստանում լծվել ապագա սերնդի կրթման կարևորագույն և ազնիվ գործին»:
Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, օրհնելով ներկաներին և շնորհավորելով ամենաբարձր`մանկավարժի կոչմանն արժանանալու առթիվ, մաղթեց, որպեսզի Տիրոջ խաչը պահապան, ուղեցույց և մարդակից լինի նրանց :
Պաշտոնական մասին հաջորդած տոնական համերգի ընթացքում ջազային-էստրադային կատարումներով հանդես եկավ Հանրային ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը` դիրիժոր, արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:
Ի դեպ, մեկ օրում բուհի բոլոր շրջանավարտներին դիպլոմ հանձնելու արարողությունը դարձել է գեղեցիկ ավանդույթ: Մեկ օրում Մանկավարժական համալսարանը բակալավրի և մագիստրոսի դիպլոմ առկա և հեռակա բաժիններում շնորհեց 3200 շրջանավարտի:
Տոնական միջոցառմանը ներկա էին Մանկավարժական համալսարանի կառավարման խորհրդի անդամները՝ պատգամավորներ, նախարարներ, ՀՊՄՀ ռեկտորը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմն ու բարձրաստիճան այլ հյուրեր: