ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Գիտական խորհուրդն ամփոփեց ուսումնական տարին
26.06.2013
Մանկավարժական համալսարանում կայացավ 2012-2013 ուսումնական տարվա Գիտական խորհրդի վերջին նիստը:
 
Նիստի օրակարգային առաջին հարցի՝ ամփոփիչ ատեստավորման ավարտական քննությունների արդյունքների մասին զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը:
 
Պրոռեկտորն անդրադարձավ 52 մասնագիտությունների գծով 44 հանձնաժողովների կողմից իրականացված քննությունների ընթացքում նկատելի դրական և բացասական երևույթներին՝ ընդգծելով դրանց որակական և բովանդակային փոփոխությունները: Անդրադառնալով դիպլոմային աշխատանքներում և մագիստրոսական թեզերում տեղ գտած որոշակի թերություններին և նկատելի առաջընթացին՝ պրոռեկտորն ընդգծեց՝ նախորդ տարվա համեմատությամբ զգալիորեն նվազել են մեկ օրում բոլոր առարկաներից քննություններ հանձնելու վերաբերյալ բողոքները:
 
Հեռակա ուսուցման համակարգում ամփոփիչ ատեստավորման քննությունների արդյունքները՝ ըստ ֆակուլտետների և մասնագիտությունների ամփոփեց Կրթության որակի և հեռակա ուսուցման գծով պրոռեկտոր Տիգրան Այվազյանը:
 
Ծանոթանալով ներկայացված արդյունքներին՝ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը մեկ անգամ ևս հիշեցրեց՝ պետք է հավատարիմ մնալ որդեգրած այն սկզբունքին, ըստ որի՝ բուհ ընդունվելը պետք է դյուրին լինի, սովորելն ու ավարտելը՝ աշխատատար, իսկ ավարտական դիպլոմը՝ կատարած աշխատանքի լիարժեք գնահատական: Ռեկտորի կարծիքով, ուսանողներին խրախուսել է պետք՝ նախևառաջ ըստ մասնագիտությունների աշխատանք ապահովելով:
 
Բուհը ձեռնամուխ է եղել «Մանկավարժություն» առարկայի դասավանդման ոլորտում բարեփոխումներ իրականացնելուն: Սկզբնական ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը զեկուցեց բակալավրիական և մագիստրոսական կրթական ծրագրերում փոփոխություններ իրականացնելու նպատակով կազմված աշխատանքային խմբի ներկայացրած որոշման նախագիծը:
 
Դրանում ընդգրկված էին բարեփոխումների ուղղությունները, առարկայի տեսական և գործնական փուլերի կառուցվածքն ու բովանդակությունը, առարկայի շրջանակում ուսուցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները:
 
Ըստ նոր նախագծի՝ ամփոփիչ ատեստավորումը կանցկացվի գրավոր, որը նախատեսում է մանկավարժական պրակտիկայի ամփոփիչ ակնարկ, և բանավոր՝ մանկավարժական պրակտիկայի թղթապանակի ներկայացում և պաշտպանություն:
 
Հեղինե Խաչատրյանը ընդգծեց՝արդենիասկ կանոնակարգվել է ամբիոնի առարկայացանկը, տեղի են ունեցել հանդիպումներ ֆակուլտետների կրթական ծրագրերի պատասխանատուների և դասավանդման մեթոդիկաների մասնագետների հետ, ինչպես նաև ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ բարեփոխումներն առավել համակարգված իրականացնելու համար:
 
Խնդրահարույց համարելով «Մանկավարժություն» առարկայի դասավանդման ոլորտում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունը՝ Գիտական խորհուրդը՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի նախագահությամբ, միաձայն հավանության արժանացրեց որոշման նախագիծը՝ ակնկալելով առաջիկա նիստում ճշգրտել որոշման իրականացման համար անհրաժեշտ գործողությունների շղթան:
 
Նիստի ընթացքում զեկուցումներով հանդես եկան նաև Գիտական խորհրդին կից մշտական հանձնաժողովների նախագահներ Սրբուհի Գևորգյանը, Աելիտա Դոլուխանյանն ու Մեժլում Երիցյանը՝ ներկայացնելով հանձնաժողովների՝ ընթացիկ տարվա գործունեության հաշվետվությունները:
 
Նիստի ավարտին գիտական կոչումների ներկայացված թեկնածուներ՝ Զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի ասիստենտներ Զարզանդ Ասատրյանին ու Լիդա Արամյանին շնորհվեց դոցենտի գիտական կոչում, ինչպես նաև Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնում միաձայն նշանակվեց աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը, իսկ Տնտեսագիտության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ ընտրվեց տնտեսագիտության թեկնածու Կառլեն Խաչատրյանը:
 
Նիստի ավարտին Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը Գիտական խորհրդի անդամների հաստատմանը ներկայացրեց թեկնածուական ատենախոսություններն ու տպագրության հավակնող ձեռնարկները: