Որքան ավելի պակաս զոհեր կունենայինք, եթե Հայաստանում սոցիալական միջավայրը պատրաստ լիներ երկրաշարժի դիմակայմանը: Այս հարցադրման պատասխանը դեռեւս հստակ
.jpg)
տրված չէ, բայց այսօր խնդիր կա իրազեկված, աղետակայուն հասարակություն ունենալու, սրա համար անհրաժեշտ է աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված ծրագրեր իրականացնել ընդհուպ նախադպրոցական հաստատություններից սկսած: Այդ առումով շատ կարեւոր է ուսուցչի դերը:
Հենց այս խնդրի քննարկմանն էր միտված «Աղետների ռիսկերի նվազեցման ուսուցումը դպրոցներում եւ նախադպրոցական հաստատություններում. ԱՌՆ հասկացությունների եւ սկզբունքների ներառումը ՀՊՄՀ ուսումնական պլանում» խորագրով գիտաժողովը, որն անցկացվեց Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում: Այն կազմակերպվել էր «Հարավային Կովկասում խոցելի համայնքների և հաստատությունների շրջանում աղետների ռիսկի նվազեցման աջակցության» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորել է Եվրոպական միությունը Գիտաժողովն իրականացվեց ՄԱԿ - ի մանկական հիմնադրամի կողմից:
Գիտաժողովի բացման խոսքով հանդես եկավ Մանկավարժական համալսարանի Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանը: Նա ներկայացրեց Մանկավարժական կրթության համար աղետների ռիսկի նվազեցման ծրագրի ներդրման կարեւորությունն այն համատեքստում, որ Հայաստանին բնորոշ են շուրջ 110 տեսակի աղետներ՝ 29000 կմ/քառ. պարագայում:

ԿԳՆ Զարգացման ծրագրերի եւ մոնիտորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, նկատեց, որ շատ բան այս տարիների ընթացքում արվել է, բայց դեռ բավականին անելիք կա: ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը կարեւորեց փաստը, որ այսօր պատմական պահ է, երբ աղետների ռիսկերի նվազման ուղղությամբ իրականացվող քայլերը կազմում են ամբողջական շղթա՝ մանկապարտեզ- դպրոց-բուհ- աշխատավայր:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերապատրաստման ֆակուլտետի դեկան Ռուդիկ Ալավերդյանը խոսեց աղետների ռիսկի նվազեցման կրթության համակարգի և դրանում առկա խնդիրների մասին:
«Մենք խնդիր ունենք դասեր քաղելու 88-յան աղետից. Աղետների ռիսկերի նվազեցումը պետք է սկսել ամենակրտսեր տարիքից: Մեզ անհրաժեշտ է պատրաստել «աղետակայուն» ուսուցիչ»,-նկատեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը: Նա մանրամասնեց այսօրվա վիճակով Աղետների ռիսկի նվազեցման ուսուցումը դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում և անդրադարջավ ԱՌՆ-ի հասկացությունների և սկզբունքների ներառմանը ՀՊՄՀ-ի ուսումնական պլանում:
Մանկավարժական համալսարանի մագիստրատուրայի և մասնագիտական որակավորումների բարձրացման վարչության պետ Նաիրա Հակոբյանը ներկայացրեց «ԱՌՆ կրթական

մշակույթի ձևավորումը բուհական կրթական համակարգում» թեմայով զեկույց: Իսկ ՀՊՄՀ Էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչ Կարինե Դանիելյանը խոսեց գլոբալ և ազգային մակարդակներում Էկոլոգիական անվտանգության արդի հիմնախնդիրների մասին:
ԱՌՆ-ի ուսուցման ծրագրային բովանդակության հոգեբանական պահանջները՝ մշակութաբանություն մասնագիտության օրինակով ներկայացրեց Հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ Մելս Մկրտումյանը:
Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչ Լաուրա Ասատրյանը գնահատեց անձի ԱՌՆ մշակույթի ձևավորման հիմնախնդիրը կայուն զարգացման համատեքստում:
Առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հակոբ Գրիգորյանը խոսեց աղետների ռիսկի կանխարգելման և ազդեցությունների նվազեցման բժշկամանկավարժական միջոցառումների մասին: Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը ներկայացրեց Ինտեգրված թեմատիկ միավորները և աշակերտակենտրոն ԱՌՆ ուսուցումը թեմայով զեկույց:
Եղան նաև այլ հետաքրքիր եւ բովանդակալից զեկույցներ, ծավալվեց շահագրգիռ քննարկում: «Եթե, Աստված մի արասցե, մի 40 տարի հետո մեր տարածաշրջանում նորից երկրաշարժ լինի, այդ ժամանակ կերեւա մեր այսօրվա աշխատանքի արդյունքը՝ կարողացե՞լ ենք հասնել որոշակի հաջողության, թե՞ ոչ»,-նկառեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ԱՌՆ ծրագրի ղեկավար Տիգրան Թովմասյանը: