«Բարձրագույն կրթության բանագավառում պրակտիկայի կազմակերպումը շարունակում է մնալ որպես կրթական համակարգի «աքիլլեսյան գարշապար»»,- նշեց ՀՀ Կրթության և
.jpg)
գիտության նախարար Արմեն Աշոտյանը Մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկած «Անընդհատ /շարունակական/ պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում» խորագրով միջազգային գիտաժողովի բացման ժամանակ:
Նախարարը նկատեց, որ Մանկավարժական համալսարանը վերջին տարիների ընթացքում ակնհայտորեն ցուցաբերում է միջազգայանցման և արդիականացման նախանձելի տեմպեր. այդ է վկայում նաև բազմաթիվ երկրներից ժամանած ներկայացուցիչների մասնակցությամբ կոնֆերանսը՝ ցույց տալով, որ միջազգայանցման շրջանակներում Հայաստանի կրթական համակարգում Մանկավարժական համալսարանը կարողանում է արժանապատիվ և կարևոր գործընկեր լինել:
«Կոնֆերանսի խնդիրների և նպատակների մեջ դրված շեշտադրումները մենք ամբողջությամբ արդիական ենք համարում և վստահ ենք, որ հատկապես մանկավարժական կրթության բնագավառում պրակտիակայի նոր մոդելի մշակումն ու ներդրումը թույլ կտա զգալինորեն բարձրացնել մանկավարժական կադրերի որակը»,-նշեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը անդրադառնալով գիտաժողովի թեմային՝ ընդգծեց, որ մանկավարժական կրթության գործընթացում պրակտիկայի արդյունավետ եւ բովանդակային կազմակերպման լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն կա.
«Հնարավոր չէ պատկերացնել 21-րդ դարի ուսուցչին՝ առանց դպրոցում աշխատելու համար անհրաժեշտ ունակությունների, մանկավարժահոգեբանական հմտությունների:
.jpg)
Մանկավարժականի և Եվրոպայի առաջատար հաստատությունների միջեւ վերջին տարիների համագործակցությունը վկայում է այն մասին, որ այդ ամենը պետք է կազմակերպվի ուսումնառության հենց սկզբից»:
Միջազգային գիտաժողովի մասնակից Ղրիմի հումանիտար համալսարանի ռեկտոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի մանկավարժական գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Գլուզմանը ներկայացրեց Ուկրաինայի բարձրագույն մանկավարժական ուսումնական հաստատությունների ուսանողների գործնական պատրաստության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ մանկավարժական ծրագրերի, պրակտիկայի դրույթների համապատասխանեցումը կարևոր քայլ է մանկավարժական կադրեր պատրաստելու գործում միասնական լինելու համար:
Պրոֆեսորի կարծիքով՝ մանկավարժական պրակտիկայի վրա երկու գործոն կարող են ազդել՝ ուսուցման բովանդակությունն ու դասավանդողի և ուսանողի փոխազդեցության գործընթացը: Անդրադառնալով Ուկրաինայի՝ մանկավարժական կադրեր պատրաստող 37 բուհերի մանկավարժական պրակտիկային՝ Ալեքսանդր Գլուզմանն անդրադարձավ բակալավրիական 4 և մագիստրոսական կրթության 2 տարիներից յուրաքանչյուրի ընթացքում պրակտիկայի բովանդակությանը. «1-ին կուրսի ուսանողը շաբաթը մեկ անգամ բազային դպրոցներում աշխատում է որպես ուսուցչի օգնական՝ հստակ պատկերացում կազմելով մասնագիտության, ուսումնական պրոցեսի մասին: 2-րդ կուրսի պրակտիկան միտված է ուսանողի մոտ ձևավորել հոգաբանակամանկավարժական մտածողություն՝ ընդհանրացված պատկերացում տալով մանկավարժության և գիտության նորագույն մեթոդների մասին»:
Շարունակելով հաջորդ տարիների պրակտիկայի բովանդակության նկարագրությունը՝ պրոֆեսոր Ալեքսանդր Գլուզմանը նշեց, որ ուսումնառության 3-րդ և 4-րդ կուրսերում կարևորվում են
.jpg)
ուսանողների մոտ մանկավարժական մշակույթի ձևավորումն ու զարգացումը, որը սերտորեն կապված է ինչպես որոշակի հարաբերությունների կարգավորման, այնպես էլ մասնակի մանկավարժական խնդիրների լուծման հետ:
Պրակտիկայի վերջին փուլն ամենաերկարատևն է՝ 3 ամիս, որի ընթացքում ուսանողի համար հնարավորություն է ստեղծված իրեն զգալ որպես ուսուցիչ-դասավանդող, ուսուցիչ- ուսուցման գործընթացի կազմակերպիչ, ուսուցիչ-սոցիալական մանկավարժ կրթելու համար:
Պլենար նիստը եզրափակեց ՀՊՄՀ Տարիքային և մանկավարժական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետյանը, ով իր՝ «Գործունեության կողմնորոշիչ հիմքի ընդլայնումը՝ որպես գործնական կարողությունների ձևավորման անհրաժեշտ պայման» խորագրով զեկույցում անդրադարձավ տեսական և գործնական գիտելիքների միջև առկա պատնեշին:
Պրոֆեսորը նկատեց՝ կրթական համակարգում կան շատ խնդիրները, սակայն պրակտիկան այսօր գիտական հիմնախնդիր է, որը պետք է ենթարկվի համակողմանի ուսումնասիրման. այն միայն ուսումնական խնդիր չէ, այլև աշխարհայացքի, համոզմունքի, մարդու ձևավորման, մարդու՝ որպես մասնագետի կայացման երաշխիք:
Պլենար նիստի ավարտից հետո գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկույցներում անդրադարձան բուհական կրթության համակարգում մանկավարժական պրակտիկայի և բարձրագույն մանկավարժական կրթության արդիականացման գործընթացում տեսական և գործնական պատրաստվածության խնդիրներին:
Ի դեպ, գիտաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը, ինչպես նաև զեկուցումների նյութերի ու ծրագրի նախապատրաստմանը աջակցել է Գիտության պետական կոմիտեն: Գիտաժողովը կշարունակվի մինչև հուլիսի 5-ը: