ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Քննարկվեցին մանկավարժական պրակտիկայի արդիականացման օտարերկրյա տարբեր բուհերի մոտեցումներ
02.07.2013
«Անընդհատ /շարունակական/ պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում» խորագրով միջազգային հնգօրյա գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին նաև այսօր:
ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանի, Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Մելանյա Աստվածատրյանի համանախագահությամբ առաջին մասնաճյուղում զեկուցողներն հանդես եկան մանկավարժական պրակտիկայի արդիականացման ուղղությամբ տարբեր երկրների բուհերի փորձի մասին զեկույցներով և փորձեցին մշակել պրակտիկայի արդիականացման համապատասխան հանձնարարականներ:
Ղրիմի հումանիտար համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Գլուզմանը, Սմոլենսկի պետական համալսարանի դոցենտ Տատյանա Բոգդանովան, Մորդովայի պետական մանկավարժական ինստիտուտի Գեղարվեստական կրթության ամբիոնի վարիչ Վալերա Վարդանյանը, Մարիբորի համալսարանի պրոֆեսոր Մետկա Աբերսեկը, Շյաուլյայի մանկավարժական համալսարանի պրոֆեսոր Լամանաուսկաս Վինցենտասն իրենց երկրների օրինակով ներկայացրին մանկավարժական պրակտիկայի կազմակերպման հիմնախնդիրները, դրանց լուծման հեռանկարները, մանկավարժության ուսումնական ծրագրերի դիդակտիկական նոր մեկնաբանություններ:
Զեկույցներով հանդես եկան նաև Մանկավարժական համալսարանի Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, Կրթության բարեփոխումների և որակի ապահովման վարչության պետ Մկրտիչ Ավագյանը, Հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի վարիչ Մելս Մկրտումյանը, Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հայկ Պետրոսյանը, դոցենտ Մարիաննա Ավետիսյանը, ինչպես նաև հայցորդ Նազելի Հախվերդյանը, ասիստենտ Մանիկ Հակոբյանը, «Ուրարտու» համալսարանի դասախոս Մարինե Միքայելյանը և ՀՀ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ Ազիզ Դեյլամին:
Armspu.am-ի հետ զրույցում ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը բարձր գնահատեց գիտաժողովի ընթացքը՝ ավելացնելով՝ նշված հիմնախնդրի շուրջ գիտաժողովի բոլոր մասնակիցներն էլ ցուցաբերում են բարձր ակտիվություն, քանի որ պրակտիկայի արդյունավետ կազմակերպումը արդիական հիմնախնդիր է և կարևորագույն բոլոր ժամանակների համար:
«Ուսանողի պրակտիկ ունակությունները վճռորոշ նշանակություն են ունենում նրա մասնագիտական գործունեության մեջ: Ելնելով դրանից՝ Մանկավարժականը ռազմավարական կարևոր հիմնահարց դիտարկեց պրակտիկայի արդիականացման անհրաժեշտությունը՝ բարեփոխումներն իրականացնելով Օուլուի համալսարանի փորձագետների համագործակցության արդյունքում մշակված չափորոշիչների հիման վրա»,-նշեց Սրբուհի Գևորգյանը՝ վստահեցնելով՝ պրակտիկայի ոլորտի բարեփոխումները միտված կլինեն նրան, որ ուսանողը կրթության գործընթացի հենց սկզբից ներգրավված կլինի մասնագիտական կրթական միջավայրում:
Հիշեցնենք, որ «Անընդհատ /շարունակական/ պրակտիկայի արդիականացումը և կազմակերպման մեխանիզմների ներդրումը բարձրագույն մանկավարժական կրթության համակարգում» խորագրով միջազգային գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հուլիսի 5-ը: