Օրերս Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի կենսաբանություն մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները ուսումնական պրակտիկայի
.jpg)
շրջանակներում մեկնել էին Արագածոտնի մարզ` Քասաղ գետի կիրճ, որը հայտնի է նաև Կարբիի ձոր անվամբ:
Այցելության նպատակն էր ուսանողներին ծանոթացնել տվյալ լանդշաֆտի գոտիականության և կենսաբազմազանության հետ, ինչպես նաև բնական պայմաններում ուսումնասիրել տեղանքում տարածված կենդանիներին բնորոշ առանձնահատկությունները:
Պրակտիկայի ղեկավար Մարո Քոչարյանի հետ միասին ուսանողները կատարեցին նաև հետազոտական դիտարկումներ՝ ուսումնասիրելով Քասաղ գետի և հարակից տարածքների միջատներին, դրանց թրթուրներին, փափկամարմիններին, օղակավոր որդերին, ինչպես նաև սողուններին ու երկկենցաղներին:
Լաբորատոր պայմաններում կենդանաբանական ուսումնասիրություններ կատարելու նպատակով ուսանողները հավաքեցին «Հայաստանի Հանրապետության Կարմիր գիրք»-ում չգրանցված և գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուներ համարվող տարատեսակ միջատներ:
.jpg)
Ապագա բնապահպանները, կենսաբաններն ու բնագետները ուսումնական պրակտիկայի շրջանակներում այցելեցին նաև Երևանի «Էկզոտարիում»: Այցելության ընթացքում ուսանողները ծանոթացան այնտեղ խնամվող շուրջ 80 տեսակի՝ աշխարհի գրեթե բոլոր մայրցամաքների բնակիչներ հանդիսացող ողնաշարավոր կենդանիների, մասնավորապես՝ սողունների, թռչունների և կաթնասունների տեսակային բազմազանությանը, դրանց վարքագծին և կառուցվածքային առանձնահատկություններին, անազատ պայմաններում խնամքի յուրահատկություններին:
Ուսանողներին ուղեկցում էին պրոֆեսոր Սամվել Պիպոյանը, պրակտիկայի ղեկավար Մարո Քոչարյանը, ինչպես նաև «Էկզոտարիումի» տնօրեն Կարեն Մարտիրոսյանը: Վերջիններս ուսանողներին հանգամանալից ծանոթացրին ինչպես արևադարձային տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում տարածված և ցուցասրահի տերարիումներում, ազատավանդակներում ու նաև ազատ պայմաններում պահպանվող օձատեսակների, մողեսների, կրիաների, տարաշխարհիկ թռչունների և կաթնասունների վարքագծի, կառուցվածքային և բազմացման առանձնահատկություններին:
Ուսանողները գործնականում՝ կենդանի օձերի օրինակով, սովորեցին տարբերել թունավոր և ոչ թունավոր օձերին՝ հասկանալով՝ ինչպես է պետք վարվել թունավոր օձերի խայթոցի դեպքում, և ինչպես անազատ պայմաններում կարելի է պահել զանազան կենդանիներ: