Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների գծով մի խումբ ուսանողներ օրերս այցելեցին Մարմարիկի և Հրազդանի ջրամբարներ,

Մեղրաձորի ՋՐԷԿ, Հրազդանի ՋԷԿ, Հանքավանի հանքային աղբյուրներ, Մեղրաձորի լճակային տնտեսություn, ինչպես նաև գործնականում ծանոթացան Մարմարիկի հովտի ֆիզիկական և տնտեսաշխարհագրական առանձնահատկություններին, Մարմարիկ գետի ավազանի ջրագրությանը, կատարեցին ջրաչափական աշխատանքներ և դիտարկումներ: Այս ամենը՝ մեկշաբաթյա ուսումնական պրակտիկայի ընթացքում, որն ուսանողներն անցկացրին Աղավնաձորի ուսումնական բազայում:
Պրակտիկայի ղեկավարներ Ռայա Քարամյանի, Մարո Քոչարյանի, Էդմոնդ Զավարյանի, Սիմա Դայանի, Վարդուհի Հովհաննիսյանի ուղեկցությամբ ուսանողների պրակտիկան անցավ հագեցած և բովանդակալից գրաֆիկով:
Աղավնաձորի տեղանքում ուսանողները կատարեցին տեղի լանդշաֆտներին բնորոշ բույսերի նմուշների, հողային հորիզոնների, կենդանական աշխարհի ներկայացուցիչների ուսումնասիրություններ՝ հաշվի առնելով և վերհանելով միջավայրի էկոլոգիական առանձնահատկություններն ու հիմնախնդիրները:
Ուսանողները տեսական դասընթացներում ստացած գիտելիքները գործնականում ամրապնդեցին իրական դիտումներով և փորձերով՝ ուսումնասիրելով Մարմարիկի հովտին բնորոշ ֆլորան և ֆաունան: Կատարված դիտարկումները քննարկվում, վերլուծվում և ամփոփվում էին ամենօրյա գործնական պարապմունքներում:
Պրակտիկան հնարավրություն ընձեռեց ուսանողներին ծանոթանալ նաև տեղի պատմաճարտարապետական հուշարձաններին. նրանք տպավորված էին հատկապես Ծաղկաձորի՝ Օրբելի եղբայրների տուն-թանգարանից:
Ազատ ժամանակը ևս ուսանողները դարձնում էին հետաքրքիր ու բովանդակալից. Կազմակերպվեց ակցիա՝ նվիրված Ճապոնիայի Հերոսիմա և Նագասակի քաղաքների զոհերին, որի ընթացքում պատրաստված լուսամփոփներն ու խաղաղության կռունկները կուղարկվեն Ճապոնիա: