Հուլիսի 6-ից Մանկավարժական համալսարանի Աղավնաձորի ուսումնական բազայում մեկնարկել է Կերպարվեստ և գծագրություն, Կերպարվեստի պատմություն և տեսություն

բաժինների, Կենսաբանություն, քիմիա և աշխարհագրություն ֆակուլտետի շուրջ 200 ուսանողների պլեներային պրակտիկան:
Պրակտիկայի վարչության մշակած ժամանակացույցի համաձայն՝ ուսանողները, պրակտիկայի ղեկավարների ուղեկցությամբ, Աղավնաձորում և բնության գեղատեսիլ այլ վայրերում հնարավորություն ունեն ստեղծագործել և գործնականում հմտանալ մասնագիտության բնագավառում:
Ոչ միայն պրակտիկա, այլև լավագույն ամառային հանգիստ. այս է Մանկավարժական համալսարանի խրախուսումը բուհի ուսանողներին:
Պրակտիկայի ընթացքում ուսանողների առողջ սնունդն ապահովում է բուհի «Սնունդ միավորում»-ը: Ստորաբաժանման պետ Գրիգոր Հովսեփյանի հավաստմամբ՝ օրվա ճաշացանկը հագեցած է առողջ ապրելակերպին համապատասխանող սնունդով՝ մսային կերակրատեսակներ և կաթնամթերք, միրգ և բանջարեղեն, աղանդեր, թարմ և բնական հյութեր:
«Որքան ուզում են, որտեղ ուզում են, երբեմն նաև՝ ինչ ուզում են»,-armspu.am-ի հետ զրույցում նշեց Գրիգոր Հովսեփյանը՝ վստահեցնելով՝ ճաշացանկը երբեմն համապատասխանեցվում է ուսանողների ցանկությանը, իսկ պրակտիկայի վերջին օրը մատուցվող տոնական ճաշը դառնում է իսկական ճաշկերույթ՝ խարույկի շուրջը ծավալվող շուրջպարով:
Բուհի անվտանգության ծառայության պետի տեղակալ Գեղամ Մխիթարյանը, ծառայության ևս 3 աշխատակցի հետ, ապահովում է ուսանողների անվտանգությունը: Վերջինս հավաստիացնում է՝ ուսանողները ծանոթ են ծառայության պահանջներին և դրսևորում են բարձր կարգապահություն:

«Ձկնորսություն, երբեմն նաև արշավներ մոտակա անտառներում՝ պարտադիր աշխատակիցների ուղեկցությամբ»-նշում է Գեղամ Մխիթարյանը և ավելացնում՝ նրանք պետք է իրենց զգան ինչպես տանը՝ ապահով ու անվտանգ:
Կերպարվեստի ամբիոնի դասախոս Սևադա Սարգսյանը մեկն է ուսանողներին ուղեկցող պրակտիկայի ղեկավարներից: «Բնությունը նկարչի համար ամենամեծ ուսուցիչն է. այն նպաստում է ուսանողների ինքնուրույնությանը՝ խնդիրներ առաջադրելուց մինչև դիտակետի ընտրություն»-նշում է դասախոսը և նկատում՝ ուսանողներին շատ է ոգևորում բնության մեջ դասախոսների հետ ստեղծագործելը, որը կարծես գործնական պարապմունքի լավագույն օրինակ լինի:
Ի դեպ, Սևադա Սարգսյանը հավելեց նաև, որ պրակտիկայի վերջին օրը նախատեսվում է անցկացնել քննություն և գնահատել ուսանողների աշխատանքը՝ ըստ իրենց ստեղծագործությունների:
«Մասնագիտական առաջընթաց և անմոռանալի հանգիստ. մի խոսքով՝ գերազանց պայմաններ»,- նշում է Կերպարվեստ և գծագրություն բաժնի 3-րդ կուրսի ուսանող Արսեն Գալստյանը, որի համար անցկացրած ժամանակը հեշտ չէ բառերով նկարագրելը:
Նույն կուրսի ուսանողուհի Անի Մարգարյանի հետ armspu.am-ը զրուցեց Մարմարիկ գետի ափին. ուսանողուհին նկարում էր: Նա ժպիտով է հիշում նախորդ տարիների ունեցած պրակտիկան և գոհունակությամբ նշում՝ բնության շունչը զգալը ամենակարևորն է նկարչի համար:
Ի դեպ, առաջիկայում կայքում կտեղադրվի աղավնաձորյան պրակտիկան ներկայացնող ֆոտոռեպորտաժ: