Այսօր Մանկավարժական համալսարանը հյուրընկալել է Մ.Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարանի ուսանողներին:
Բուհի 7 ուսանողներն օգոստոսի 19-29-ն իրենց ամառային պրակտիկան են անցկացնում Հայաստանում` երկու համալսարանների նախաձեռնությամբ իրականացվող «Ամառային դպրոց» փոխանակման ծրագրի շրջանակում:
Հյուրերը եղան բուհի թանգարանում, ծանոթացան պատմությանը, տարեգրությանը, կառուցվածքին, գործող մասնագիտություններին, անվանի շրջանավարտներին:
Ուկրաինացի ապագա մանկավարժներն այցելեցին նաև բուհի գիտական գրադարան, ծանոթացան հարուստ գրականությամբ գրապահոցներին և իրենց հարցադրումներն ուղղեցին գրադարանի տնօրենին:
Հյուրերի հետ հանդիպման ընթացքում Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Արա Երեմյանն ընգծեց` Դրագոմանովի անվան համալսարանի ուսանողները գտնվում են 90-ամյա պատմություն ունեցող ուսումնական հաստատությունում, որն այժմ անցնում է միջազգայնացման և կատարելագործման լուրջ գործընթաց:
Թարմացված ուսումնական ծրագրերն ու վերջերս ներմուծված նոր ու հետաքրքիր երեք մասնագիտությունները դրա վառ ապացույցն են:
«Ամառային դպրոց»-ի նախաձեռնողներից, Միջազգային բաժնի պետ Քրիստինա Ծատուրյանը, ներկայացնելով նորաստեղծ բաժնի գործունեությունը, նշեց` պիլոտային ծրագիրը շարունակական է լինելու. համագործակցություն այլ բուհերի հետ ևս նախատեսվում է:

Առաջին անգամ Հայաստան այցելած Մ.Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարանի ասպիրանտ Նիկոլայ Դավիդյուկը ՀՊՄՀ Աղավնաձորի ուսումնական բազայում անցկացրած օրերի մասին պատմում է մեծ ոգևորությամբ:
Հայաստանի մշակութային հարուստ ժառանգության մասին լսել է Աղավնաձորում` «Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը» թեմայով դասախոսության ընթացքում:
Ուրախ է` լսածը տեսնելու, մեր երկրի պատմությանը, պատմամշակութային կոթողներին և ճարտապետությանը տեղում ծանոթանալու համար Մանկավարժականը կազմակերպել է նաև տարաբնույթ այցելություններ Հայաստանի տեսարժան վայրեր: «Գիտական և ճանաչողական այցերով հագեցած 10 օր. ամառային լավագույն հանգստի կազմակերպում, մասնագիտական նոր հմտություններ և հեռանկարներ»,-նշում է Նիկոլայն ու հավելում, թե Մանկավարժականում աշխատելու հնարավորությունից չի հրաժարվի:
Հանդիպման ավարտին հյուրերը բուհի պրոռեկտոր Արա Երեմյանին իրենց համալսարանի կողմից հանձնեցին հուշանվեր, որը տեղ կգտնի ՀՊՄՀ թանգարանում:
Ի դեպ, այս օրերին «Ամառային դպրոց» փոխանկման ծրագրի շրջանակում Մ.Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարանում են գտնվում ՀՊՄՀ 10 ֆակուլտետների լավագույն 10 ուսանողները:
Հիշեցնենք, որ Խ. Աբովյանի անվան հայկական պետական և Մ.Պ. Դրագոմանովի անվան ազգային մանկավարժական համալսարանների միջև կնքված պայմանագիրը նախատեսում է տարաբնույթ համագործակցություն` ուսումնական և գիտա-կրթական ոլորտներում: