ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Մագիստրոսական կրթությունը՝ բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում
31.08.2013
Մանկավարժական համալսարանում կայացավ նոր ուսումնական տարվա Գիտական խորհրդի անդրանիկ նիստը: Ավանդույթի համաձայն` խորհրդի նախագահ, ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նախ շնորհավորեց հոբելյարներին, ապա պրոֆեսորի մեկ և դոցենտի վեց կոչումներ շնորհեց ներկայացված թեկնածուներին:
Նիստում Գիտխորհրդի քարտուղար Հասմիկ Պետրոսյանը ներկայացրեց Համալսարանի գիտխորհրդի 2013-2014 ուսումնական տարվա աշխատանքների պլանի նախագիծը, որը ընդունվեց միաձայն:
Գիտական խորհրդի մայիսի 15-ի նիստում քննարկված մագիստրոսական կրթական ծրագրերի վերաբերյալ որոշման կատարման ընթացքին անդրադարձավ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը: Նա վստահեցրեց՝ 2013-2014 ուսումնական տարվա մեկնարկի համար հետևողական աշխատանքներ են տարվել կազմակերպչական, պլանային և բովանդակային, առարկայական-ծրագրային, պրոֆեսորադասախոսական համակազմի, ինչպես նաև հետազոտական ուղղություններով:
«Բոլոր մասնագիտությունների գծով մագիստրոսական կրթության ծրագրային փաթեթների վերանայման և նոր դասընթացների ընդգրկման արդյունքում մագիստրոսական կրթական աստիճանում դասավանդելու են հանրապետության և արտերկրի առաջատար կրթական, գիտական մի շարք հաստատություններից տարբեր մասնագիտությունների գծով հրավիրված մասնագետներ` գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ, ակադեմիայի թղթակից անդամներ»,-գիտխորհրդի անդամներին տեղեկացրեց Սրբուհի Գեւորգյանը::
Պրոռեկտորը հավաստիացրեց, որ մագիստրոսական կրթությունը բուհի ղեկավարության ուշադրության կենտրոնում է, անընդհատ արդիականացվելու է ուսումնական գործընթացը, լրամշակվելու են առարկայական, ծրագրային փաթեթները, իրականացվելու է շարունակական մոնիթորինգ` գործընթացի թույլ և ուժեղ կողմերը բացահայտելու, խոչընդոտող երևույթները չեզոքացնելու նպատակով:
Դրանց արդյունքները պարբերաբար կներկայացվեն Գիտական խորհրդի անդամների ուշադրությանը:
Գիտական խորհրդի հունիսի 25-ի նիստում քննարկված մանկավարժություն առարկայի դասավանդման վերաբերյալ կայացված որոշման կատարման ընթացքին անդրադարձան Ուսումնամեթոդական վարչության պետ, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, Մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Լաուրա Ասատրյանը, Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հայկ Պետրոսյանը, Պրակտիկայի վարչության պետ Վահան Սարգսյանն ու Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը:
Լաուրա Ասատրյանը վստահեցրեց՝ խորհրդի որոշման համաձայն բովանդակային և ծրագրային առումով վերամշակվել և վերանայվել են բակալավրիատում դասավանդվող մանկավարժության ցիկլի առարկաներներն ու կամընտրական դասընթացները. առաջարկվել են կամընտրական նոր դասընթացներ. «Հիմնական առարկաների դասընթացների վերամշակման գործընթացին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ամբիոնների դասախոսները. մշակվել է տասնյոթ ծրագիր, պատրաստվել են նաև դիդակտիկ նյութեր, որոնք համապատասխանեցվել են բոլոր ֆակուլտետների մասնագիտություններին և պրակտիկայի պահանջներին»‰:
Հայկ Պետրոսյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ հստակեցվել են կիրառական մանկավարժության և մասնագիտական կրթության առարկաների բովանդակությունները, պատրաստ են նաև հիմնական և ընտրովի առարկաների ցանկերը, դրանց նկարագրերը, ծրագրերն ու դասախոսական նյութերը:
Պրակտիկայի վարչության պետ Վահան Սարգսյանն ներկաներին ևս մեկ անգամ հիշեցրեց իրենց առջև դրված խնդիրների բովանդակությունը:
Վերջինս վստահեցրեց` մանկավարժական տեսական և գործնական դասընթացների և պրակտիկայի բովանդակությունն ու պահանջները համապատասխանեցված են, հստակեցված են մանկավարժական կոմպետենցիաներն ու վերջնարդյունքները, սահմանված են պրակտիկայի ղեկավար-մանկավարժի հստակ գործառույթները:
«Նկատի ունենալով մագիստրատուրայի կրթական ծրագրի առանձնահատկությունները, մագիստրոսական կրթության ինքնուրույն հետազոտական ուղղվածությունը, գիտամանկավարժական պրակտիկայի առարկայական նկարագրերը՝ առաջարկվել է մագիստրատուրայի գիտամանկավարժական պրակտիկան կազմակերպել նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ առավելագույնս օգտագործելով բուհի բազաներն ու հնարավորությունները, գիտամանկավարժական պրակտիկան կազմակերպել 2-րդ և 3-րդ կիսամյակներում, յուրաքանչյուր շրջափուլում հատկացնելով 3 կրեդիտ ծանրաբեռնվածություն»,-հավելեց Վահան Սարգսյանը:
Պրակտիկայի ընթացքի հետագա բարելավման համար նա առաջարկեց ուսանողների համար մշակել դասընթացի ձեռնարկներ, պրակտիկայի նոր աշխատանքային գրքույկներ և ուղեցույցեր, ամեն ինչ անել ուսումնական ռեսուրսների արդյունավետության և հասանելիության գնահատման, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ինքնագնահատման ու փորձագիտական գնահատման ընթացակարգերի նախագծերի ներդրման ուղղությամբ, պրակտիկայի մանկավարժ-ղեկավարների, մեթոդիստների, հոգեբանների համար կազմակերպել կարճատև վերապատրաստման դասընթացներ:
Ամփոփելով գործընկերների զեկույցները՝ Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը մանրամասն ներկայացրեց բակալավրիական և մագիստրոսական կրթական ծրագրերում«Մանկավարժություն» առարկայի դասավանդման բարեփոխումների ընթացքը՝ ակնկալելով հայեցակարգ, համագործակցություն, փորձարկում և մշտադիտարկում:
Նիստի ընթացքում փակ քվեարկությամբ Հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնում վերընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը: Գիտական խորհրդի որոշմամբ «Ինֆորմատիկա» մասնագիտության կրթական որակի պատշաճ մակարդակի ապահովման, ուսումնական ծրագրերի կատարման վերահսկողության ուժեղացման նպատակով Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբոինը կրկին ներառվեց Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի կազմում:
Համալասարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հանձնարարեց ստեղծել հանձնաժողով, լրամշակել և ներկայացնել «Ինֆորմատիկա» մասնագիտության բակալավրիական և մագիստրոսական կրթական ծրագրերի ուսումնական պլանները, առաջին կուրսերի առարկայական ծրագրերը:
Գիտական խորհրդի նիստում հաստատման ներկայացված 5 թեկնածուական ատենախոսություններից հաստատվեցին 3-ը, ուսումնական մի քանի ձեռնարկներ երաշխավորվեցին տպագրության: