ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

«Ուսուցիչը բարության և շռայլության անունն է»
02.09.2013
Մանկավարժական համալսարանում այսօր մեկնարկեց 2013-2014 ուսումնական տարին՝ բակալավրի 1543 և մագիստրատուրայի 834 1-ին կուրսերի ուսանողների համար ազդարարելով մասնագիտական նվաճումների սկիզբը:
Մանկավարժի մասնագիտությունն ընտրած յուրաքանչյուր ուսանողի համար օրն առավել քան խորհրդանշական էր. վերջիններիս դիմավորեցին բուհի պրոռեկտորները, պրոֆեսորադասխոսական կազմն ու ավագ կուրսընկերները:
Բուհի օրհներգի, շնորհավորանքների և բարեմաղթանքների ներքո ուսանողները ոտք դրեցին վերակառուցված, տեխնիկապես համալրված և վերակազմավորված դասախոսական կազմ ունեցող համալսարան:
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ապագա մանկավարժներին՝ մասնագիտական «ճակատագիրը» հատկապես Մանկավարժական համալսարանի հետ կապելու համար՝ ընդգծելով, որ հենց այս մասնագիտությամբ է պայմանավորված անձի ընդհանուր, մասնագիտական կայացման, ինչպես նաև անձնական աճի դրսևորումները:
Սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը միացավ օրվա առթիվ հնչած բարեմաղթանքներին՝ ուրախությամբ նշելով՝ այս տարի մասնագիտության հանդեպ հետաքրքրություն են դրսևորել նաև տղաները:
Մաղթելով ստեղծագործ և բեղուն ուսումնական տարի՝ դեկանն ապագա մանկավարժներին կոչ արեց սիրել և հավատարիմ մնալ մանկավարժի կոչմանը՝ հիշեցնելով՝ «Երեխաներն ու Աստվածներն ապրում են այնտեղ, որտեղ նրանց սիրում են»:
«Ուսուցիչը բարության և շռայլության անունն է: Դարեր շարունակ նա եղել է սիրո և ակնածանքի խորհրդանիշ. նրան վստահել են, հավատացել»,-1-ին կուրսեցիների նորամուտն այսպես ողջունեց Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան Մայրենիի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Աշոտ Գալստյանը՝ կոչ անելով ուսումնառության ընթացքում կաթիլ առ կաթիլ ամբարել ծով գիտելիքներ ու դրանք փոխանցել աշակերտներին»:
Ի դեպ, Գիտելիքի օրվա առթիվ տոնական միջոցառումներ կազմակերպվել էին բուհի բոլոր ֆակուլտետներում:
,