ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Լույս տալով սպառվեց…
04.09.2013
ՀԳՄ նախագահ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ,բազմաթիվ գրքերի հեղինակ և հրաշալի մտավորական Լևոն Անանյանի նվիրումը գրականության ու արվեստի ոլորտին ապրելու յուրօրիանկ կերպ էր,որ երկար կհիշեցնի նրա մասին:
Տարիներ առաջ` 1971-1974 թվականներին Լևոն Անանյանը խմբագրել է ՀՊՄՀ ՙՄանկավարժ՚ թերթը: Խորապես ցավում ենք Լևոն Անանյանի կորստի համար:
ԱԵԼԻՏԱ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
ԼՈՒՅՍ ՏԱԼՈՎ ՍՊԱՌՎԵՑ…
Լևոն Անանյանը մշտապես եղել է իմ հիացմունքի արժանի մտավորականը: Մարդասիրությունը նրա մշտական ուղեկիցն էր: Նա Հայաստանի գրողների միությունը գլխավորեց մեր երկրի համար շատ դժվար ժամանակներում. գրողների միությունն այլևս չէր ստանում պետական աջակցություն: Նա նոր կյանք պարգևեց միությանը՝ նրա բոլոր անդամների նկատմամբ պահպանելով աննկարագրելի հոգատարություն: Մեծ հայրենասեր էր և շատ լավ էր հասկանում, թե ինչ դեր ունի գրողների միությունը ազգային ոգին պահպանելու կենսական գործում: Բարձրաճաշակ էր, տաղանդավոր, գեղեցիկ և նրբազգաց: Երբեք չեմ մոռանա, թե արցախյան պատերազմի անլույս ու ցուրտ օրերին ինչպես էր թողարկում «Գարուն» ամսագրի բարձրարժեք համարները. նրա աշխատասենյակում մեկ աստիճան ջերմություն էր: Զարմանալի ձևով հասցնում էր լինել ամենուր, կամենում տեղյակ լինել ամեն ինչից: Հայ գրականության բազմաթիվ թարգմանական գրքերով այսօրվա գրողներին ներկայացրեց աշխարհին: Ձեռնարկ, որի կարիքը մշտապես կա և լինելու է: Լևոն Անանյանը արժեք էր ոչ միայն հայ գրականության և ՀԳՄ-ի համար, այլև հայ ժողովրդի: Ինչ-որ առումով նրան կարելի է համեմատել Մ.Գորկու Դանկոյի հետ, որն իր սրտի լույսով ճանապարհ էր բացում: Խոնարհվում եմ նրա կատարած գործի և նրա հիշատակի առաջ: Նրան երբեք հնարավոր չէ մոռանալ: Նա միշտ ապրելու է իրեն սիրողների և գնահատողների սրտերում:
Բանասիրական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմը և ուսանողությունը իր խորը վշտակցությունն է հայտնում ՀՀ Գրողների միության նախագահ, ֆակուլտետի բարեկամ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ: