«Լեզուն, կրթությունը և ընտանիքը հայրենադարձության գործընթացում» խորագրով միջազգային գիտաժողովի հանդիսավոր բացումից հետո Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի,

Բուլղարիայի և Լեհաստանի մասնակիցները հանդես եկան զեկույցներով:
Գիտաժողովի ընթացքում քննարկեցին աշխարհի մի շարք երկրներում, մասնավորապես` Բուլղարիայում, Լեհաստանում և Գերմանիայում հայ միգրանտների խնդիրները, հայրենադարձության հիմնախնդիրները, նրանց վերաինտեգրացումն ու սոցիալական աջակցությունը:
Զեկույցների ընթացքում օտարերկրյա հյուրերն ու ՀՊՄՀ ներկայացուցիչներն անդրադարձան նաև «Եվրամիության Հայրենադարձության հիմնադրամ»-ի գործունեությանն ու նշանա¬կությանը, «Ռեսեա» կենտրոնի առկա վիճակին ու հեռանկարներին, հայրենադարձ երեխաների` հայերենի դասավանդման մեթոդաբանական խնդիրներին, վերաինտեգրման գործըն¬թացում հայկական սփյուռքի դերակատարմանը, հայրենադարձների հաջող վերաինտեգրման գործում սկզբնական բիզնես-դրամաշնորհներին:
«Վերաինտեգրացիայի կենտրոն-Հայաստան» (RECEA) ծրագրի համակարգող, Մանկավարժական համալսարանի Օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը, կարևորելով գիտաժողովի կազմակերպումն ու անցկացումը, նշեց`«Այսօրվա զեկույցները հագեցած էին կարևոր տեղեկատվությամբ և վիճակագրական տվյալներով: Հետաքրքրական էր հատկապես միգրանտների կարգավիճակի և նրանց իրավունքների մասին ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցչի հարցադրումները: Գիտաժողովի ավարտին առաջարկված գաղափարների հիման վրա կկազմվի հայտարարագիր, որը կգտնվի Եվրամիության ուշադրության կենտրում` նպաստելով կայուն վերադարձին և վերաինտեգրման գործընթացին»:
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը: