Մանկավարժական համալսարանում ամփոփվեցին «Լեզուն, կրթությունը և ընտանիքը հայրենադարձության գործընթացում» խորագիրը կրող երկօրյա միջազգային գիտաժողովի
.jpg)
աշխատանքները:
Աշխատանքային օրը մեկնարկեց նախորդ օրվա արդյունքներն ամփոփելով և շարունակվեց մասնակիցների զեկույցներով:
AWO բարեգործական կազմակերպության միջազգային ծրագրի համակարգող Օլգա Չերկեզն իր ողջույնի խոսքում ընդգծեց՝ ցանկացած նախագծի հաջողություն պայմանավորված է, թե իրագործման համար ինչ գործընկերներ են ընտրված:
«Տեսնելով հայրենադարձ երեխաների հետ աշխատող ուսուցիչների աշխատանքը՝ կարելի է փաստել՝ Հայաստանը հուսալի գործընկեր է»,-նշեց Օլգա Չերկեզն ու նկատեց՝ դասավանդողները չեն վախենում դժվարություններից, որի արդյունքում հայրենադարձված երեխաների մոտ նկատելի մեծ առաջընթաց կա հոգեբանական, տարիքային առանձնահատկություններից բխող դժվարությունները հաղթահարելու տեսանկյունից:
Վերջինս կարևորեց նաև ծրագրի մշակութային-ճանաչողական դերը, որը հնարավորություն է ընձեռում ինչպես կրթական, այնպես էլ սոցիալական ինտեգրմանը. հայտնվելով ազատ շփումների միջավայրում՝ նրանք իրենց զգում են հայրենի հողում:
Հատուկ կրթության ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանն իր զեկույցում անդրադարձավ PECS-ին(Picture Exchange Communication System)՝ որպես ներգաղթած ընտանիքների երեխաների կապակցված խոսքի զարգացման միջոց՝ տարբեր փուլերով ներկայացնելով ողջ գործընթացը:
.jpg)
Վերջին տարիներին հայրենադարձ երեխաների հետ Արմինե Ավագյանի աշխատանքը ցույց է տվել՝ PECS-ի մեթոդների կիրառումը նպաստում է երեխաների բառապաշարի հարստացմանը, ձևավորում ազատ հաղորդակցվելու մշակույթ. «Լավ մշակված խոսքը երեխաների սոցիալականացման, ակտիվ գործունեություն ծավալելու և լավ կրթություն ստանալու գրավականներից մեկն է»:
«Հույս և օգնություն» ՀԿ նախագահ Ենոք Շատվորյանն իր զեկույցում ներկայացրեց կազմակերպության 1998-2013 թվականների գործունեությունը, որն ուղղված է նպաստելու Հայաստանի Հանրապետության բնակչության սեռական, վերարտադրողական և հոգեկան առողջության բարելավմանն ու պահպանմանը` բնակչության իրազեկության բարձրացման և կենսական հմտությունների ուսուցման միջոցով:
Հաջորդող զեկույցներում «Ավո Հայմատգարտեն» ադապտացման կենտրոնի օտար լեզվի ուսուցիչներ Բելլա Այունցն ու Շուշանիկ Պետրոսյանը ներկայացրին հայրենադարձված երեխաներին ռուսերենի և գերմաներենի դասավանդումը, օտար լեզուների դասավանդման բնագավառում առաջադրվող նոր խնդիրներն ու դասավանդման ընթացքում առաջացած խնդիրները:
Գիտաժողովի ավարտին AWO բարեգործական կազմակերպության միջազգային ծրագրի ղեկավար Ֆոլկեր Թեգելերը
.jpg)
շնորհակալություն հայտնեց Մանկավարժական համալսարանին կոնֆերանսի կազմակերման, սերտ համագործակցության և ակտիվ մասնակցության համար՝ հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունը կնվազեցնի հայրենադարձների խնդիրներն ու կնպաստի սոցիալական վերաինտեգրացմանը:
Գիտաժողովի փակումը նշանավորվեց ՀՊՄՀ-ի և AWO բարեգործական կազմակերպության միջև հռչակագրի նախագծի ընդունմամբ, որի ժամանակ հաշվի առնեցին նաև կոնֆերանսի մասնակիցների առաջարկները՝ սեմինարների անցկացում երեխաների ծնողների հետ, հոգեբանական և իրավաբանական աջակցություն նաև մեծահասակ հայրենադարձների համար և այլն:
Կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում կայացած միջոցառմամբ ամփոփվեց «Լեզուն, կրթությունը և ընտանիքը հայրենադարձության գործընթացում» միջազգային երկօրյա գիտաժողովը:
.jpg)
.jpg)