Սեպտեմբերի 5-ին Նկարիչների միության տանը բացվեց Մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Արտաշես
.jpg)
Քեշիշյանի անհատական ցուցահանդեսը: »
Բացմանը ներկա էին ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լևոն Կոջոյանը, արվեստագետներ, ուսանողներ:
«Մանկության հուշեր», «Հաց», «Խաղաղ երկնքի տակ», «Մեր մեծերը» շարքերում ներկայացված էին քանդակագործի` 1983-2013 թվականների հարթաքանդակ աշխատանքները:
Աշխարհի հետ ծանոթացում, ներկայացում ու ամփոփում. վարպետն այսպես բնորոշեց ստեղծագործական կյանքն ու ներկայացված հարթաքանդակների բովանդակությունը:
Արտաշես Քեշիշյանը խոստովանեց` 30 տարվա քանդակները ժամանակի ընթացքում կրել են բովանդակային լուրջ փոփոխություններ. տարիների ընթացքում կենցաղայինից, էթնոգրաֆիկականից վերածվել հոգևորի, փիլիսոփայականի. «Հարթաքանդակում ստեղծում եմ իմ միջավայրը, որի մեջ տեղադրում եմ կերպարներ և ստեղծում նոր աշխարհ: Ցավում եմ, որ հարթաքանդակը հայ ժամանակակից քանդակագործության մեջ առաջատար դիրք չի զբաղեցնում»:
.jpg)
ՀՊՄՀ Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Հրավարդ Հակոբյանը ևս նկատեց` դեռևս վաղ միջնադարում հայ քանդակագործության ոլորտում ստեղծվել են գլուխգործոց-հարթաքանդակներ, այնինչ այդ ավանդույթներն այսօր մոռացված են. «Ուրախ եմ, որ Արտաշես Քեշիշյանը համարձակվեց անդրադառնալ քանդակագործության այս ճյուղին և արարել հայկական շունչ ունեցող մի շարք հիանալի գործեր»:
«Արդի արվեստը եվրոպամետ է. Արտաշես Քեշիշյանի արվեստը շատ ազգային է, նա աշխատում է հարթապատկերային փոքր ձևի մեջ. մեկ բառով` ամբողջական կերպար` փոքր տարածության մեջ` առանց որևէ չափազանցության.սա վարպետության նշան է: Քանդակագործության մեջ նման մտածելակերպ շատ քչերն ունեն, իսկ Հայաստանում այս որակի աշխատանքներ գրեթե չկան»,- հավելեց արվեստաբան Մերի Երզնկյանը:
Մարդկային բարձր որակներ, գեղագիտական ճաշակի, գույնի, լույսի և ստվերի զգացողության ձևավորում. Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Արման Սարգսյանն այսպես է բնորոշում Արտաշես Քեշիշյանի կուրսում ուսումնառության 5 տարիները: Ցուցահանդեսից տպավորված երիտասարդն ուրախությամբ է նկատում` վարպետի գործերն իսկապես արվեստի գլուխգործոցներ են:
Ցուցադրությունը կտևի մինչև սեպտեմբերի 15-ը: