ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Դասախոսություններ՝ Եվրոպայի մշակութային ժառանգության օրերի շրջանակում
09.09.2013
Եվրոպայի մշակութային ժառանգության օրերին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 1-ին Մանկավարժական համալսարանի Պատմության և իրավագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպել էր ուսանողների այցելություն «Գառնի» պատմամշակութային արգելոց–թանգարան:
Հնագիտության դոկտոր, պրոֆեսոր Սիմոն Հմայակյանի նախաձեռնությամբ հենց թանգարանում կազմակերպվեց «Ուրտական դիցարանի գերագույն եռյակը և նրա պատկերագրությունը» խորագրով բաց դաս, որի ընթացքում ուսանողները ծանոթացան մշակութային հուշարձանի պատմությանը:
Արգիշտի 1-ին թագավորի ուրարտական արձանագրության մոտ սկիզբ առած դասախոսությունը Սիմոն Հմայակյանը շարունակեց հեթանոսական տաճարի դիմաց՝ ծավալելով երկկողմանի քննարկում:
Միջոցառման շրջանակում ուսանողներն այցելեցին նաև Հայաստանի Պատմության թանգարան, եղան հելլենիստական շրջանի մշակույթի ցուցասրահում, ծանոթացան Գառնիի պեղումներից հայտնաբերված արժեքներին, ինչպես նաև՝ Արտաշատում, Դվինում պեղված համաժամանակյա իրողություններին: Թանգարանում դասախոսությամբ հանդես եկավ թանգարանագետ Դավիթ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ արդեն մեկ տասնամյակ է՝ Եվրոպայի խորհրդի անդամ 50 երկրների կողմից անցկացվում են Եվրոպայի մշակութային ժառանգության օրերին նվիրված միջոցառումներ: Այն նպատակ ունի հասարակության լայն զանգվածներին ծանոթացնել եվրոպական ժառանգության անվանակարգերում գտնվող հուշարձաններին, նրանց պատմությանն ու պահպանմանը: