Այս տարի նշվում է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը: Տարեսկզբից Հայաստանում և նրա սահմաններից դուրս կազմակերպվում են
խաչատրյանական բազմաթիվ միջոցառումներ:
Նշանակալի հոբելյանի առթիվ` սեպտեմբերի 6-7-ը ՀՀ Մշակույթի նախարարությունը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կազմակերպել էին միջազգային գիտաժողով` «Արամ Խաչատրյանը և արդի աշխարհը» խորագրով:
Գիտաժողովին մասնակցում էին հյուրեր Ռուսաստանից (Սանկտ-Պետերբուրգ, Մոսկվա), Վրաստանից (Թիֆլիս), Լատվիայից (Ռիգա):
Հայաստանից և Արցախից գիտաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտից, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական, Ղազարոս Սարյանի անվան արվեստի դպրոցներից, Ստեփանակերտի` Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջից, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանից:
Միջազգային գիտաժողովի ընթացքում ներկայացված զեկույցները նվիրված էին կոմպոզիտորի ստեղծագործական գործունեության տեսական և պատմական, ստեղծագործությունների մեկնաբանման հարցերին, հայ մշակույթի գործիչների հետ ստեղծագործական փոխհարաբերություններին, Արամ Խաչատրյան ստեղծագործողի, քաղաքացու կերպարի բացահայտմանը:
ՀՊՄՀ-ից միջազգային գիտաժողովին մասնակցում էր Երաժշտութան տեսության, դասավանդման մեթոդիկայի և նվագարանների ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Գոհար Մելիքսեթյանը:
Վերջինս ներկայացնում էր «Արամ Խաչատրյանի պոլիֆոնիկ ստեղծագործությունները» թեմայով զեկույցը. կոմպոզիտորի պոլիֆոնիկ երկերը համեմատաբար քիչ են լուսաբանված երաժշտագիտական գրականության մեջ, ինչն էլ գրավեց ներկաներին` արժանանալով նրանց հատուկ ուշադրությանը:
Գիտաժողովի շրջանակում տեղի ունեցավ նաև համերգ, որի ընթացքում հնչեցին կոմպոզիտորի` քիչ կամ դեռևս չկատարված, չհրատարակված ստեղծագործությունները:
Գիտաժողովն անցավ մասնագիտական և բարեկամական, փոխադարձ հարգանքի և փոխգործակցության մթնոլորտում: